Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտզալի հավաքականները կհանդիպեն որակավորման փուլում

03 Մարտ, 2023 15:33
Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտզալի հավաքականները կհանդիպեն որակավորման փուլում

 

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային դահլիճում այսօր կկայանա ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը։ Խաղը կմեկնարկի ժամը 19։00-ին։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, հանդիպման տոմսերը վաճառվում են առցանց։ Տոմսերի արժեքը 1000-ից մինչև 5000 դրամ է։

Խմբի հաղթողը կմտնի 2024թ․ Աշխարհի առաջնության էլիտ փուլ։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նախապատրաստվելով հանդիպմանը, փետրվարի 26-ից մինչև մարտի 3-ը մարզական հավաք է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը դրան մասնակցելու համար հրավիրել է 17 ֆուտբոլիստ, որոնցից երկուսը, Արսենի Պետրոսյանը և Գևորգ Մնացականյանը, վերջերս են ստացել ՀՀ քաղաքացիություն և առաջին անգամ են մասնակցում հավաքին։ Հավելենք, որ մեր հավաքականի 4 ֆուտբոլիստներն ազգությամբ բրազիլացի են։

ՖԻՖԱ ֆուտզալի 2024թ․ Աշխարհի առաջնության որակավորման հիմնական փուլին մասնակցում են 36 հավաքական, որոնք նախապես բաժանված են 12 խմբերի միջև։ Դրանց հաղթողները և 2-րդ տեղերը գրաված լավագույն 4 թիմերը միանգամից մտնում են էլիտ փուլ։ Երկրորդ հորիզոնականը գրաված մնացած 8 թիմերն անցումային խաղերում կվիճարկեն էլիտ փուլի մնացած 4 ուղեգրերը։

Էլիտ փուլ մտած 20 հավաքականները նախապես կբաժանվեն 5 խմբերի միջև։ Դրանց հաղթողները կմտնեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Մնացած երկու ուղեգրերը կրկին կվիճարկվեն անցումային խաղերում։ Էլիտ փուլի ացկացման վերջնաժամկետը 2024թ ապրիլի 17-ն է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին