Կարևոր իրադարձություններ

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն պարզաբանել է Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված «Հետք»-ի հրապարակումը

02 Մարտ, 2023 21:23
«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն պարզաբանել է  Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված «Հետք»-ի հրապարակումը

«Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ն հանդես է եկել Սուրեն Պապիկյանի բնակարանի հետ կապված «Հետք»-ի հրապարակման պարզաբանմամբ։

«HETQ.am» կայքում հրապարակվել է հոդված, որում նշվել է, թե
… «Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)…

 
 

… 412 հազար դոլար արժողությամբ բնակարանը 168 հազար դոլարով գնելու հնարավորությունը, հավանաբար, պայմանավորված է գործարքի կողմ հանդիսացող մյուս անձի՝ Աշոտ Արսենյանի գործոնով…»:

Հրապարակման մեջ տեղ են գտել փաստացի անճշտություններ, խեղաթյուրված փաստեր ու մոլորեցնող եզրահանգումներ որոնք խախտում են «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերության, Ընկերության մասնակիցների բարի համբավն ու իրավուքները, մոլորեցնող ազդեցություն են թողնում / կարող են թողնել ընթերցողների և հավանական գնորդների վրա:

Մասնավորապես, նշելով, թե « … «Բյուրեղ» բնակելի համալիրում այսօր անշարժ գույքի 1 քմ-ի արժեքը սկսվում է 2500 ԱՄՆ դոլարից։ Այդ պայմաններում Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։…»,

Հեղինակն ուղղակիորեն մոլորության մեջ է գցում ընթերցողին՝ նույն նախադասության մեջ կապելով երկու տարբեր ժամանակների ոչ նույնական փաստեր:
Նորակառույց բնակարանների, այդ թվում «Բյուրեղ» բնակելի թաղամասի բնակարանների (բնակարանների գնման իրավունքի) վաճառքի գնի սահմանված ընթացակարգի համաձայն՝ հնարավոր գնորդները կարող են բնակարանի ամրագրումն իրականացնել դեռևս մինչև շինարարությունն սկսելը: Ամրագրումից մինչև գնման իրավունքի վաճառքի գործարքի իրականացման պահը կարող է անցնել տևական ժամանակ (դա ենթադրում է ընկերության կողմից համապատասխան թույլտվությունների ստացում, կադաստրում իրավունքի գրանցման ընթացակարգ և այլն):

Կառուցապատման ոլորտում գործող գնային քաղաքականության համաձայն՝ շինարարության իրականացման ավելի վաղ փուլերում բնակարանների (բնակարանների գնման իրավունքի) վաճառքի գինը սահմանվում է ավելի ցածր, և այն աճում է շինարարության ավարտի ժամկետի մոտենալուն և անշարժ գույքի ավարտվածության աստիճանին համապատասխան: Ամրագրում իրականացրած անձինք հետագայում գնման իրավունքի պայմանագիր կնքում և անշարժ գույքը ձեռք են բերում ամրագրման պահին սահմանված արժեքով: Հետևաբար ակնհայտ է, որ ավելի վաղ ամրագրում իրականացրած անձինք անշարժ գույքը ձեռք են բերում ավելի ցածր գնով, քան ավելի ուշ ամրագրում իրականացրած կամ ընդհանրապես առանց ամրագրման գնում իրականացնող անձինք:

 

Բնակարանների արժեքները տարբերվում են՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածության աստիճանով և այլ պայմաններով:
Ներկայումս բնակարանների քանակի մոտ 90 տոկոսը վաճառված է, «Բյուրեղ» բնակելի թաղամասի շինարարությունը մոտենում է ավարտին, ինչով էլ պայմանավորված է դեռևս չվաճառված բնակարանների գնման իրավունքի վաճառքի՝ նախին վաճառքի գների համեմատ ավելի բարձր գինը:

Նյութում վերը հիշատակված ձևակերպման մեջ թյուրիմացաբար կամ դիտավորյալ խառնվել են երկու տարբեր փաստ՝ շինարարության սկզբնական փուլում ամրագրված և 27.07.2022թ.-ին կնքված պայմանագրով վաճառված անշարժ գույքի գնման իրավունքի գինը և 2023թ. հունվարին արդեն գրեթե ավարտված նորակառույց շենքում վաճառվող անշարժ գույքի գնման իրավունքի գինը, որոնք, ինչպես պարզաբանվեց վերևում, էականորեն տարբերվում են միմյանցից:

Նյութում հիշատակվող գործարքի առարկա անշարժ գույքը գնորդների կողմից ամրագրվել է շինարարության սկզբնական փուլում, ամրագրման ժամանակահատվածում շուկայում ձևավորված վաճառքի մրցունակ գնով, իսկ գնման իրավունքը օրենքով սահմանված կարգով ձևակերպում է ստացել արդեն իսկ 27.07.2022թ. առուվաճառքի պայմանագրով:

 

Ընդ որում, նման գների սահմանման ընթացակարգ գործել և գործում է նախապես ամրագրում իրականացրած բոլոր գնորդների համար:

Արդարության համար պետք է նշել, որ նյութում իրավացիորեն հիշատակվում է նաև վերջին ժամանակաշրջանում անշարժ գույքի շուկայում գների աճի իրողությունը: Միևնույն ժամանակ, հակասելով այդ մտքին ու անտեսելով ակնհայտ մի շարք փաստեր, նյութում մեկ նախադասությունում համադրվել են նախկինում գոյություն ունեցած ու ներկայումս գործող գները, փորձ է արվել կեղծ դատողությունների հիման վրա մատուցել սխալ, իրականությանը չհամապատասխանող ու Ընկերության բարի համբավը արատավորող տեղեկություն:

Նույն անշարժ գույքը կամ անշարժ գույքի գնման իրավունքը տարբեր ժամանակահատվածներում ունի տարբեր արժեք՝ պայմանավորված ամրագրման ժամկետով, բնակարանի հարկով, ավարտվածության աստիճանով, շուկայում ձևավորված գներով:

«Բյուրեղ» բնակելի թաղամասում 27.07.2022թ. դրությամբ և այսօր գործող գները էականորեն տարբերվում են, և ներկայումս ավելի բարձր գին ունեցող բնակարանները կարելի էր գնել անհամեմատ ավելի մատչելի գնով՝ շինարարության սկզբնական փուլերում նախապես ամրագրման դեպքում:

Նյութում նշված գործարքը ենթադրյալ գործոններով պայմանավորելը լիովին մտացածին է, չի համապատասխանում իրականությանը, այն կնքվել է ընկերության կողմից որդեգրված գնային քաղաքականությանը և տվյալ ժամանակահատվածում շուկայում գործող գներին լիովին համապատասխան, ինչպես և մյուս բոլոր գործարքները»:

 

Լրահոս

Դիտել ավելին