Կարևոր իրադարձություններ

Դռները բացեք, գարուն է գալիս...

01 Մարտ, 2023 09:41
Դռները բացեք, գարուն է գալիս...

Այսօր գարնան առաջին օրն է: Հազարավոր գարուններից հերթականը:

Թող որ գարունը նոր շունչ հաղորդի յուրաքանչյուրիս հոգուն ու սրտին, սեր ու զարթոնք լինի ամենքիս կյանքում: Ինչպես գրել է մեծն Համո Սահյանը, «Դռները բացեք, գարուն է գալիս», մենք էլ առաջարկում ենք դռների հետ բացել նաև ձեր սրտերն ու հոգիները, որ գարնան շունչը թևածի ամենուր:

 

Ձմեռը հալվել դարձել է առու,
Դարձել է առու, դարձել է վտակ,
Արաքսի հունով նա գնում է հեռու,
Գնում է, լցվում է ծովը անհատակ:
Հոգնած թևերը քսելով ամպին,
Կրծքին դեռ խոնավ ծվենը նրա,
Արագիլն իջել Արաքսի ափին՝
Հանգստանում է մի ոտքի վրա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Աղբյուրն աղբյուրին իր գիրկն է կանչում,
Իրար են փարվում հովերն արթնացած,
Ծաղկունքից արբած բնությունն է շնչում,
Քանդում է մեղուն ժիր ակնամոմը թաց:
Հողն է մայրության հրճվանքից դողում,
Թող որ հավիտյան միշտ ազատ մնա,
Թող որ ոչ մի ծիլ չմնա հողում,
Ոչ մի բույն հավքի թափուր չմնա:

Երկինք ու երկիր մեզ ձայն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս:

Համո Սահյան

 

Լրահոս

Դիտել ավելին