Կարևոր իրադարձություններ

Առաջարկվում է բարելավել հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացը

28 Փետրվար, 2023 12:52
Առաջարկվում է բարելավել հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացը

Ազգային ժողովի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից, ներկայացվող նախագծերի նպատակը հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած զինծառայողների առողջությանը պատճառված վնասների հատուցման գործընթացի արդյունավետության բարելավումն է:


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հայտնել է, որ գործող օրենքով Հիմնադրամի շահառու կարող է լինել զինծառայողը, որը մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով ձեռք է բերել առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն:

Եթե զինծառայողը վերափորձաքննության արդյունքում ճանաչվել է երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ, ապա, ըստ գործող կարգավորումների, ամսական հավասար վճարումները դադարում են: Այս վիճակում են հայտնվել 114 շահառուներ, որոնց հաշմանդամության կարգը վերափորձաքննության արդյունքում երկրորդ խմբից փոխվել է երրորդի խմբի, ինչը հարուցել է նրանց դժգոհությունը:

Այս հանգամանքը հաշվի առնելով` առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և Հիմնադրամի խորհրդին լիազորել` իր սահմանած պայմաններով և կարգով լրացուցիչ սոցիալական ծառայություններ մատուցել Հիմնադրամի շահառուներին, անցումային շրջանի համար (մինչև «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ամբողջական կիրարկումը, դրամական աջակցություն վճարել այն զինծառայողների համար, որոնք ունեցել են առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խոր կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն (ճանաչվել են հիմնադրամի շահառու) և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում ճանաչվում է երրորդ խմբի կամ ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ:

Դրամական աջակցության չափն առաջարկվում է սահմանել` սպայական կազմի զինծառայողներին` 75.000 դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին, կամավորականներին` 50.000 դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին` 25.000 դրամ: Այս անձինք ստանալու են նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակ և համապատասխան պարգևավճար:
 
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Մտքերի փոխանակման ընթացքում պատգամավորները մի շարք առաջարկներ են ներկայացրել: Առաջարկվել է պայմաններ ստեղծել, որպեսզի ապահովվի զինհաշմանդամություն ստացած անձանց զբաղվածության հնարավորությունը, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մինչև կյանքի վերջ հատկացնել կայուն փոխհատուցում: 

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դրական դիրքորոշումը նախագծի վերաբերյալ հայտնել է Հերիքնազ Տիգրանյանը:

Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին