Կարևոր իրադարձություններ

Սպասում եմ Սիփանին. եթե չսպասեի, վաղուց չէի լինի. «Փաստ»

25 Փետրվար, 2023 09:55
Սպասում եմ Սիփանին. եթե չսպասեի, վաղուց չէի լինի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

««Սիփանը փոքր տարիքից, կարող եմ ասել՝ ծնված օրվանից շատ աշխույժ է եղել, ճարպիկ: Մեկ րոպե հանգիստ չէր նստում, հոլի պես իր հետևից պտտվում էի: Մինչև 5-6 տարեկան անընդհատ վազքի մեջ էր, հասկացա, որ երեխաս պետք է իր էներգիան սպառի: Որոշեցինք՝ պետք է սպորտի հաճախի: Ութ տարեկանից հաճախել է ըմբշամարտի: Սիփանս հունահռոմեական ոճի ըմբիշ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է մայրիկը՝ տիկին Կարինեն:

Նրա խոսքով, սպորտն օգնեց Սիփանին էներգիան սպառելու իմաստով, բայց նա մնաց այնպիսին, ինչպիսին կար՝ աշխույժ, էներգիայով լի, տանն էներգիան շարունակում էր սպառել կրտսեր քույրիկի հետ անվերջանալի խաղերում: Մայրիկն ասում է՝ ժամանակի ընթացքում ըմբշամարտի հանդեպ տղայի սերը մեծացավ, և Սիփանն ընդունվեց Օլիմպիական պետական քոլեջ: «Բազմաթիվ մեդալներ ու պատվոգրեր ունի թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում կայացած մրցաշարերից»,-նշում է զրուցակիցս:

Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Կարինեն ընդգծում է՝ ուսման հանդեպ սեր չուներ. «Երբեմն զարմանում էի՝ այս երեխան չի սովորում, բայց որտեղի՞ց այսքան խելք ունի: Մինչև 7-րդ դասարանը հաճախել է Երևանի թիվ 174 հիմնական դպրոց: Հետո արդեն ընդունվեց քոլեջ: Իր բոլոր մտքերը, ապագայի ծրագրերը կապված էին սպորտի հետ: Երբ պետք է բանակ գնար, պարապմունքները քչացրել էր, հետաքրքրվեցի, թե ինչու, ասաց՝ մա՛մ, գնամ ծառայության, գամ, հետո կհասկանամ, թե ինչ եմ անում: Պատերազմից հետո իր այն ընկերները, որոնք ողջ էին մնացել, պատմեցին ինձ՝ Սիփանը միշտ ասում էր, որ ծառայությունը վերջացնելուց հետո շարունակելու է ըմբշամարտով զբաղվել: Հասկացա, որ ժամանակավոր դադարը կապված էր բանակ մեկնելու հետ, ուզում էր մի փոքր հանգստանալ»:

Վերհիշում է՝ երբ մայր ու որդի զրուցում էին և մայրիկը հարցնում էր, թե ինչ են անելու հետո, Սիփանը միշտ արձագանքում էր. «Մա՛մ ջան, կծառայեմ, կգամ, «հետո»-ն կորոշենք: Իր բոլոր հարցերն այդպես էր լուծում: Հետաքրքիր է, բայց մեր տանը զրույցների ժամանակ իր հայրիկին էլ, ինձ էլ կարող էր այնպիսի խորհուրդ տալ, ուղղություն որևէ հարցում, որ զարմանում էինք: Ամուսիններով իրար էինք նայում՝ հիմա մե՞նք ենք երեխան, թե՞ Սիփանը: Կարողանում էր մեզ ճիշտ ուղղության վրա դնել»:

Սիփանը ծառայության է մեկնել 2019 թ.ին՝ դեկտեմբերի 27-ին: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Նոր տարուն ընդառաջ մեկնեց: Իրեն առաջարկեցի՝ այնպես անենք՝ Նոր տարին էլ մեզ հետ նշես, հետո գնաս բանակ: Ասաց՝ մա՛մ ջան, շուտ գնամ, շուտ գամ: Այդ երեք օրը ոչինչ չի փոխելու: Վիճակահանության ժամանակ «ընտրեց» Մատաղիսը: Սիփանը շատ գոհ էր ծառայությունից: Զորակոչվելուց հետո, երբ մեկ ամիս անց գնացինք երդմնակալության արարողությանը մասնակցելու, 200 զինվորի մեջ փնտրում էի իրեն: Իհարկե, թիկնեղ էր, քանի որ սպորտով էր զբաղվում, բայց մեկ ամսվա մեջ հսկա էր դարձել: 200 զինվորի մեջ, երբ բոլորն իրար նման են, Սիփանին իր ժպիտով գտա: Ինձ համար հենց այդ պահից նա արդեն այն երեխան չէր, որ բանակ էր գնացել: Տղամարդ էր: Որոշ ժամանակ հետո հրամանատարը կանչել էր Սիփանին՝ Սողոմոնյան, կարո՞ղ ես ինքնաթիռ պայթեցնել, պատասխանել էր՝ այո, ինչո՞ւ չեմ կարող: Հրամանատարն ասել էր՝ այդ դեպքում պատրաստվի, գնում ես Երևան՝ հակաօդային պաշտպանություն սովորելու: Որոշել էին իրեն Իգլա վստահել, ծանր զենք, որն ուսին դնելու և կրակելու համար պետք է բավականին թիկնեղ և ուժեղ լինես»:

Սիփանը վեց ամիս սովորում է Երևանում, վերադառնում Մատաղիս, իսկ այնտեղից էլ ուղարկում են Թալիշ: Սիփան Սողոմոնյանը սերժանտ էր, ՀՕՊ կրտսեր մասնագետ: Պատրաստված զինվոր է եղել, ծառայության ընթացքում սովորել է, տիրապետել զենքին. «Հետաքրքիր մի բան էլ ասեմ՝ Երևանում չէր կարողանում ծառայել: Չորս ամսով էր եկել սովորելու, բայց համավարակը սկսվեց, կարանտին էր, երկու ամիս ավելի մնաց: Վերջին երկու ամիսն իր հետ խոսել չէր լինում, չէր հարմարվում: Սովորել էր Մատաղիսի սարերին: Օրերն էր հաշվում, թե երբ է հետ գնալու: Մի տեսանյութ կար, թե ինչպես է Սիփանն ուրախությունից երգում ավտոբուսի մեջ, երբ ուսումն ավարտելուց հետո Երևանից վերադառնում էր Մատաղիս»:

Պատերազմի մասին: «Սեպտեմբերի 25ին Սիփանն իջել էր դիրքերից: Քաղցրեղեն էինք պատրաստել, որ ուղարկենք Թալիշ: Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ամուսինս քաղաքում պայմանավորվել էր ավտոբուսի վարորդի հետ, որ իր միջոցով Սիփանի համար պատրաստված տուփը փոխանցի նրան, բայց վարորդը չէր եկել: Զանգահարել էր, ասել՝ պատերազմ է սկսվել: Մենք տեղյակ չէինք: Սկսեցինք անդադար զանգահարել Սիփանին: Իր ու ընկերների համարներից որևէ մեկը չէր պատասխանում: Ու այդպես էլ չհասցրեցինք խոսել իր հետ: Սիփանս սեպտեմբերի 28-ին զոհվել է: Մատաղիս-Թալիշ արանքում նահանջ է եղել, «ուրալների» իջնելու ժամանակ անօդաչուն հարվածել է: Մեքենաները կանգնեցրել էին, երեխեքից շատերը չէին հասցրել դուրս գալ «ուրալներից», վառվել էին, բայց Սիփանս վիրավորվել էր, իրեն տարել էին Մատաղիս: Թոքն էր վնասվել, երեխաս չկարողացավ դիմանալ: Ամեն դեպքում ճանաչելի էր, մեկ խազ անգամ դեմքին չուներ: Մեզ շատ շուտ «հասավ»՝ սեպտեմբերի 30-ին: Մինչև սեպտեմբերի 29-ի երեկոն կարծում էինք, որ թաքնված են ինչ-որ տեղ, հեռախոսները լիցքավորված չեն, կապ չկա, դրա համար մեզ չեն զանգում, բայց հետո, անկեղծ ասած, համացանցից ենք իմացել լուրը, երբ գրում էին զոհվածների անունները»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի ասօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին