Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

24 Փետրվար, 2023 22:05
 ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը՝ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատելու նպատակով փետրվարի 17-19-ը Հայաստան կատարած այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի համազեկուցողներ Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) և Բորիանա Օբերգը (Շվեդիա) հանդես են եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ կայքէջից։

«Այսօրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն կարող ազատ դուրս գալ այնտեղից, և, ինչպես մեզ տեղեկացրել են, 954 մարդ դեռ մնացել է միջանցքի երկու կողմերում։ Այս միջանցքով թույլատրվում է տեղաշարժվել միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների մեքենաներին, ինչն ակնհայտորեն բավարար չէ բնակչության կարիքները բավարարելու համար։ 

 

Ավելին, կենսական նշանակություն ունի, որ ապրանքները ժամանակին առաքվեն ցանքի սեզոնին։ Բոլոր տրանսպորտային միջոցների ազատ երթևեկությունը պետք է շտապ վերականգնվի ՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»։

Հայտարարության մեջ նաև նշվում է․

«Մենք կոչ ենք անում երկու կողմերին առաջ մղել սահմանի սահմանազատման շուրջ քննարկումները և պայմանավորվել սահմանից զորքերի հայելային հետքաշման մասին ՝ որպես վստահության ամրապնդման անհապաղ քայլի։ Մենք մեր եզրակացությունների մասին կհայտնենք ԵԽԽՎ մոնիտորինգի կոմիտեին՝ նրա հաջորդ նիստում։ Մենք նախկինի պես խիստ ուշադիր ենք վերաբերվում ապագա իրադարձություններին և վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը խորհրդարանական մակարդակով ցուցաբերել այն ողջ քաղաքական աջակցությունը, որն անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղ կարգավորման հասնելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին