Կարևոր իրադարձություններ

Ավելի քան 200 նոր աշխատատեղ կստեղծվի

23 Փետրվար, 2023 15:38
Ավելի քան 200 նոր աշխատատեղ կստեղծվի

Կառավարության որոշումներով մի շարք ընկերություններ ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվեն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

«Ագրոինվեստ» ընկերությունը ներմուծվող սարքավորումները կօգտագործի Արագածոտնի մարզում ինտենսիվ այգու հիմնման համար։ Ընկերության նպատակներից են ընդլայնել ինտենսիվ այգեգործությունը, կառուցել նոր ոռոգման համակարգեր, այգին համալրել գերժամանակակից գյուղատնտեսական սարքավորումներով, կառուցել գերժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիա, ինչպես նաև մուտք գործել ռուսական, արաբական, ԱՊՀ երկրների շուկաներ՝ դառնալով միջազգային ապրանքանիշ։

Իսկ որպես մրցակցային առավելություն հարկ է նշել, որ ընկերությունը առաջիկա տարիներին դառնալու է խոշոր  արտահանող դեպի ԵԱՏՄ շուկա, քանի որ սպասվելիք բերքը նախատեսվում է իրացնել հիմնականում արտաքին շուկաներում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 600 մլն դրամի ներդրում ինտենսիվ այգու հիմնման աշխատանքների իրականացման համար։ Արդյունքում կստեղծվի 19 նոր աշխատատեղ՝ մինչև 500 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 229 մլն դրամ:  Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 17,6 մլն դրամ։

2014 թ.-ին հիմնադրված «Սովթ պապիրուս» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել անձեռոցիկների, թղթյա սրբիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Թողարկված արտադրանքն ամբողջությամբ նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում։ Արդեն իսկ իրականացվել է 213 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 180 մլն դրամի ներդրում, որից 150 մլն դրամը՝ սարքավորումների ձեռքբերման, իսկ 30 մլն դրամը՝ շինարարական աշխատանքների իրականացման համար։

Արդյունքում կստեղծվի 24 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.1 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 218 մլն դրամ:

«Սարմետ» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել մետաղական կափարիչների արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևանում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.97 մլրդ դրամի ներդրում, որից 157,1 մլն դրամն արդեն իսկ ներդրվել է հումքի ձեռքբերման համար։ Կստեղծվի 12 նոր աշխատատեղ՝ մինչև 133 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.6 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128.3 մլն դրամ:

 «Տեխկամ ՏՏԿ» ընկերութունը ներմուծվող հումքը կօգտագործի ճշգրիտ տեխնիկական քարերի արտադրության (սինթետիկ սապֆիրից, ագաթից, սիտալից և կերամիկայից) համար։ Նախատեսվում է հիմնել նաև նոր գործարան։  Արտադրությունն իրականացվելու է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում՝ իրականացնելով 2 մլրդ դրամի ներդրում, որից 369 մլն դրամն արդեն իսկ հատկացվել է հումքի ու սարքավորումների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 86 նոր աշխատատեղ՝ 130-250 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 128.5 մլն դրամ:

«Ռոման Ուսոյան» ԱՁ ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել կարի արտադրության համար։ 2021 թ. հիմնադրված ընկրությունն արտադրությունն իրականացնելու է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.3 մլրդ դրամի ներդրում հումքի ու նյութերի ձեռքբերման համար։ Նախատեսում է 

ստեղծել 50 նոր աշխատատեղ՝ մինչև 100 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1.3 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 113.4 մլն դրամ:

«Մայեռ պլաստ» ՍՊԸ-ն ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել պոլիէթիլենային խողովակների և կցամասերի արտադրության համար։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 201.4 մլն դրամի կապիտալ ներդրում, ինչի արդյունքում կստեղծվի 20 նոր աշխատատեղ՝ մինչև 180 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 3.2 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 209 մլն դրամ:

«Մարտին Սթար» ընկերությունը ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել 2021-2022 թվականներին մեկնարկած պաղպաղակի և 2022 թվականին մեկնարկած սև և լուծվող սուրճերի արտադրությունների համար։ Արտադրությունն իրականացվելու է Երևան քաղաքում՝ իրականացնելով  1.7 մլրդ դրամի ներդրում շրջանառու միջոցների ձեռքբերման համար, որից 1 մլրդ դրամը պաղպաղակի արտադրության, իսկ մնացած մասը՝ սուրճի արտադրության ոլորտում։

Ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել 15 նոր աշխատատեղ՝ 313-340 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 966 մլն դրամ:

Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 125 մլն դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին