Կարևոր իրադարձություններ

Աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող կամ նպաստ ստացող անձին աշխատանքի ընդունած գործատուին

23 Փետրվար, 2023 13:52
Աջակցություն՝ հաշմանդամություն ունեցող կամ նպաստ ստացող անձին աշխատանքի ընդունած գործատուին

Կառավարության նիստում հավանություն է ստացել զբաղվածության խթանման միջոցառումը հաստատելու մասին հարցը։

Ըստ որի՝ պետությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն գործազուրկ  քաղաքացիների՝ մասնավորապես նրանց, որոնք կունենան հաշմանդամության կարգավիճակ կամ կլինեն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի անդամներ:

Ծրագրից կկարողանան օգտվել ՀՀ տարածքում պետական գրանցում ստացած այն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, որոնք չեն հանդիսանում հանրային ծառայություն իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին, վերջին 3 ամսվա ընթացքում անընդհատ ունեցել են առնվազն 10 վարձու աշխատող:

Միջոցառման շրջանակում գործատուն աշխատանքի կկարողանա ընդունել այն գործազուրկ քաղաքացիներին, որոնք վերջին 3 ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող և 6 ամսվա ընթացքում չեն եղել աշխատանքային հարաբերությունների մեջ տվյալ գործատուի հետ:

«Այն գործատուները, որոնք առնվազն 1 տարով աշխատանքի կընդունեն առաջին կամ երկրորդ խումբ ունեցող կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, 12 ամիս շարունակ կստանան փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 100 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվա համար, բայց ոչ ավել, քան 50 հազար դրամ:

Ընդ որում, մենք նաև այլ բաղադրիչ ունենք, միանվագ 500 հազար դրամ աջակցություն ենք տալիս՝ աշխատանքային միջավայրը խելացի հարմարեցումներով ապահովելու համար»,-նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Իսկ եթե գործատուն աշխատանքի ընդունի ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքի 30-45 տարեկան գործազուրկ անձի, պետությունը 6 ամիս շարունակ կտրամադրի փոխհատուցում՝ աշխատանքի ընդունված անձի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի 30 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան 12 հազար դրամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին