Կարևոր իրադարձություններ

Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված արմավիրցի Սերյոժա Աբրահամյանի քույրը

20 Փետրվար, 2023 21:33
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված արմավիրցի Սերյոժա Աբրահամյանի քույրը

Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում այսօր լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սերյոժա Աբրահամյանի քույրը՝ փոքրիկ Սերինեն: Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից։

Էջմիածնի բժշկական կենտրոնի ծննդօգնության և գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Լիլիթ Մկրտչյանը պատմել է, որ նորածնի մորը՝ Հասմիկ Աբրահամյանին, ճանաչել է ավելի վաղ, երբ նա հիվանդանոց էր եկել աշխատանքի համար։ Հղիության մասին խոսք չի եղել, չեն պլանավորել, բայց կարճ ժամանակ անց մտափոխվել է։

«Երբ պլանավորեցինք հղիությունը և սկսեցինք հետազոտել, պարզվեց, որ Հասմիկն արդեն հղի է։ Աստծո պարգև ենք համարել և բոլորս անհամբեր սպասել ենք փոքրիկի լույս աշխարհ գալուն»,- ոգևորված պատմել է բժշկուհի Մկրտչյանը։

Հիվանդանոցի տնօրեն Գոռ Ասատրյանն էլ նշել է, որ 42-ամյա կնոջ հղիությունն ընթացել է առանց բարդությունների, փոքրիկը ծնվել է լիովին առողջ՝ 2 կիլոգրամ 850 գրամ քաշով, 48 սմ հասակով։

Մոր՝ Հասմիկի խոսքերով կյանքը նոր գույնով է լցվել, վերաիմաստավորվել է:

Նորածնին, ի պատիվ հերոսացած եղբոր Սերյոժայի, Սերինե են կոչել։

 

«ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և մարզպետարանի աշխատակազմի անունից շնորհավորում ենք Աբրահամյանների ընտանիքին՝ նորածնին մաղթելով առողջություն և անհոգ մանկություն, լուսավոր ապագա՝ խաղաղ երկնքի տակ»,-ասված է մարզպետարանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին