Կարևոր իրադարձություններ

«Զովք» սուպերմարկետների ցանցում այս պահին խուզարկություններ են. որոշ մասնաճյուղեր փակ են

20 Փետրվար, 2023 15:30
«Զովք» սուպերմարկետների ցանցում այս պահին խուզարկություններ են. որոշ մասնաճյուղեր փակ են

Քիչ առաջ լրատվական կայքերից մեկը տեղեկություն էր տարածել, որ այս պահին փակ են «Զովք» սուպերմարկետների ցանցի բոլոր մասնաճյուղերը՝ գրելով, որ փակ լինելու պատճառների մասին պետական գերատեսչություններից և սուպերմարկետների ցանցից տեղեկություն չեն հաղորդում:

Shabat.am-ը փորձեց կապ հաստատել «Զովք» սուպերմարկետների մասնաճյուղերի հետ, հասկանալու՝ ճիշտ են շրջանառվող լուրերը, սակայն 28 մասնաճյուղերից մի քանիսի հետ միայն հաջողվեց կապ հաստատել, մյուս հեռախոսազանգերը մնացին անպատասխան կամ գիծը զբաղված էր:

Մեզ հաջողվեց կապվել սուպերմարկետի «Հակոբ Հակոբյան», «Ավան» և «Նալբանդյան» մասնաճյուղերի հետ: Առաջին մասնաճյուղի մենեջերը զարմացավ մեր հարցից՝ պատասխանելով, որ իրենց մասնաճյուղն այս պահին բնականոն աշխատում է, մյուսների չաշխատելու մասին էլ տեղեկություն չունի, իսկ «Ավան» մասնաճյուղից հաստատեցին լուրը՝ առանց մանրամասնելու.

«Այո, այս պահին խանութը փակ է, բայց, կներեք, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»:

Իսկ «Նալբանդյան» մասնաճյուղի մենեջերն անգամ հարցն ամբողջությամբ չլսեց՝ պատասխանելով, որ չի կարող ոչ մի տեղեկություն հաղորդել: 

«Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում «Զովք» սուպերմարկետների ցանցում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվում են խուզարկություններ։ Այլ մանրամասներ այս պահին նպատակահարմար չէ տրամադրել՝ ելնելով նախաքննության շահերից։

Քննության որոշակի փուլում Քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկություն կտրամադրի»,-այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Նշենք նաև, որ «Զովք» սուպերմարկետը գործում է 1999 թվականից և պատկանում է Արամ Արամյանին:

Սակայն արդեն մի քանի տարի է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ սուպերմարկետի ցանցը պատկանում է նախկին ֆիննախ, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին:

Սակայն սուպերմարկետների հիմնադիր-տնօրեն Արամ Արամյանը բազմիցս հերքել է տեղեկությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին