Կարևոր իրադարձություններ

Արցախում երեք սցենար կարող է լինել. տարակուսած սպասում են. «Ժողովուրդ»

16 Փետրվար, 2023 09:07
Արցախում երեք սցենար կարող է լինել. տարակուսած սպասում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Արայիկ Հարությունյանի՝ սահմանադրական բարեփոխումների նախագիծն իսկական աժիոտաժ է առաջացրել Արցախի քաղաքական եւ հասարակական դաշտում:

«Ժողովուրդ» օրաթերթի արցախյան աղբյուրները հայտնեցին, որ Արցախում գրեթե բոլորը տարակուսած են Հարությունյանի այսչափ շտապողականությունից, վստահ են՝ նա հենց այնպես նման քայլի չէր գնա առանց քաղաքական դրդապատճառների, բայց թե ինչ է կատարվում իրականում, դեռ չեն կարողանում հասկանալ:

Այսպիսով, Արցախի նախագահի առաջարկած փոփոխությունը իրենից ենթադրում է հետեւյալը. ֆորսմաժորային իրավիճակներում, այն է՝ երբ օրինակ նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլեւս ի վիճակի չէ պաշտոնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին։ Ընդգծենք, որ սա չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին, Սահմանադրությամբ նախատեսված կարգով, ընտրելու է ժողովուրդը:

Նկատենք, որ սահմանադրական փոփոխությունների մի փաթեթ էլ դեռեւս 2022թ.-ին մշակել էին նաեւ Արցախի ԱԺ 5 խմբակցությունները միասին, որը, սակայն, դեռ խորհրդարան չի ներկայացվել: Արցախի ԱԺ խմբակցությունների հեղինակած այս նախագծով եւս, ի թիվս Սահմանադրական մի շարք բարեփոխումների, նախատեսվում էր նաեւ խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություն տալը:

Արայիկ Հարությունյանը, չգիտես՝ ինչու, առաջ է ընկել, այդ փաթեթից առանձնացրել է նախագահի ընտրություններին առնչվող այս դրույթը եւ արագացված կերպով այն ներկայացրել է խորհրդարանին:
Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը նախ պետք է ուղարկվի Արցախի գերագույն դատարան, որի հաստատմանն արժանանալուց հետո այն նորից պետք է վերադառնա Արցախի ԱԺ՝ Պետաիրավական հանձնաժողով։

Եթե ԱՀ գերագույն դատարանը չհաստատի նախագիծը, այն կճանաչվի հակասահմանադրական եւ դուրս կգա շրջանառությունից

Գերագույն դատարանում եւ ԱԺ գլխադասային հանձնաժողովներում հաստատվելուց հետո միայն նախագիծը կմտնի լիագումար նիստերի օրակարգ:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր):
Հաշվի առնելով, որ Արայիկ Հարությունյանի՝ «ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ-ՔՄԴ»-ն խորհրդարանում ունի 16 պատգամավոր՝ ստացվում է, որ նախագիծը անցկացնելու համար անհրաժեշտ կլինի հավելյալ 4 ձայն։

Արցախում վստահ են, որ Սամվել Բաբայանի թիմակիցները՝ «Միասնական Հայաստան» խմբակցության պատգամավորները, անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեն Հարությունյանին եւ կապահովեն անհրաժեշտ ձայներ նախագիծն անցկացնելու համար:

Այսպիսով, նախագիծն արդեն ընդունվելուց հետո ֆորսմաժորային իրավիճակներում Արցախ ԱԺ խմբակցություններից յուրաքանչյուրը հնարավորություն կունենա առաջադրելու նախագահի իր թեկնածուին, իսկ նախագահը խորհրդարանում կընտրվի կրկին պատգամավորների 2/3-ի ձայներով:

Առաջին փուլով նախագահ չընտրելու դեպքում ամենաշատ ձայնը հավաքած երկու թեկնածուները կանցնեն երկրորդ փուլ. այս դեպքում արդեն ընտրությունն արվում է ձայների պարզ մեծամասնությամբ:

Այնտեղի քաղաքական դաշտում մի քանի սցենարներ են շրջանառվում՝ սրա հետ կապված՝ առաջին՝ Հարությունյանը անվտանգային գերլարված իրավիճակում քաղաքական նման նախաձեռնություն է սկսել, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի կարեւոր հարցերից:

Շրջանառվող երկրորդ սցենարն էլ հետեւյալն է. Արայիկ Հարությունյանը փորձելու է օգտագործել իր հրաժարականի թեման Ռուբեն Վարդանյանի վրա ճնշում գործադրելու եւ վերջինիս պաշտոնանկությանը հասնելու համար: Ինչպես հիշում ենք, նախագահի հնարավոր հրաժարականի մասին խոսակցություններ կային նաեւ հունվարի 14-ին ու 15-ին, երբ Հարությունյանի ու Վարդանյանի կոնֆլիկտը հրապարակային դաշտ դուրս եկավ:

Այն ժամանակ, սակայն, շատերը այդ հնարավոր որոշումը որակեցին որպես անպատասխանատու, քանի որ առկա պայմաններում Արցախում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը դժվար է պատկերացնել: Խորհրդարանին նախագահ ընտրելու լիազորություններով օժտելը հրաժարականի սպառնալիքը ավելի իրատեսական է դարձնում: Արայիկ Հարությունյանը կարող է իրոք հրաժարական տալ, սակայն Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող իր խմբակցության միջոցով նախագահի պաշտոնում ընտրել իր լոյալ թիմակիցներից մեկին` պահպանելով իշխանական որոշակի լծակներ:

Հավանական է նաեւ, որ Հարությունյանը իրոք հակված է հեռանալ քաղաքականությունից եւ այս փոփոխության միջոցով ցանկանում է այդ որոշումը կյանքի կոչելու համար սահմանադրական մեխանիզմ ստեղծել»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին