Կարևոր իրադարձություններ

Մուտքը ժպիտով է և ժետոնով. մանսուրյանական ցուցահանդես` «Երիտասարդական»-ում (լուսանկարներ)

15 Փետրվար, 2023 23:25
Մուտքը ժպիտով է և ժետոնով. մանսուրյանական ցուցահանդես` «Երիտասարդական»-ում (լուսանկարներ)

«Արվեստը մետրոյում» նախագծի շրջանակներում «ԿՈՂԲ» հիմնադրամի նախաձեռնությամբ և Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ իրականացվել է լուսանկարների ցուցահանդես։

«Երիտասարդական» կայարանում ներկայացված են Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի` որպես հայ մշակույթի, լեզվի, գրականության աշխարհին հասանելի պահպանման հարթակ և մշակութային հաստատուն արժեք ներկայացնող «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» համերգի ընթացքում արված նկարները։

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրը՝ հունվարի 27-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ «Մանսուրյան. խոսքի և մեղեդու խաչմերուկին» խորագրի ներքո համերգ, որին ներկայացվեց երկու պրեմիերա՝ հայաստանյան՝ «Օրհներգ Նավապետ-Բարի» (խոսք Մ. Մաշտոցի), և համաշխարհային՝ «8 հայրեն սիրո, պանդխտության և լուսնյակ գիշերների»:

Մանսուրյանական մրցույթը ոչ միայն կարևորում է երաժշտությունը, այլ նաև հատուկ շեշտադրում է հայ խոսքն ու գրականությունը, քանի որ յուրաքանչյուր նոր ստեղծվող գործ պետք է հիմնված լինի հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի վրա, ինչը թույլ է տալիս վերհանել դարավոր հայ գրական ժառանգությունը, հանրահռչակել արդի պոեզիան, հայ գիրն ու խոսքը լսելի դարձնել ամբողջ աշխարհին:

Ինչպես տեղեկանում ենք Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից, ցուցահանդեսը ներկայացված կլինի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում մինչև ս․թ․ փետրվարի 25-ը։

Մուտքը ժպիտով է և ժետոնով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին