Կարևոր իրադարձություններ

Օտար ու մերժված. «Հրապարակ»

15 Փետրվար, 2023 09:22
Օտար ու մերժված. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Երեւանում ամեն քայլափոխի ռուսներ են, որոնք կամաց դառնում են մեր հանրային կյանքի մասնիկը։ Նրանք Հյուսիսային պողոտայում համերգներ են տալիս՝ գումար ակնկալելով անցորդներից։ Նրանք արդեն իրենց սրճարաններն ունեն, որտեղ խմում են, շփվում են միմյանց հետ, իրենց սիրելի համերգասրահներն ունեն, որտեղ ժամանակակից երաժշտություն են լսում եւ, ասենք, Ուկրաինայից ժամանած երաժշտական խմբերին։ Անգամ թատերական ներկայացումներ են բեմադրում եւ դահլիճներ լցնում։ Օրինակ, Ստանիսլավսկու անվան թատրոնում են հաճախ լինում։

Իսկ վերջերս «Պառկեք, պարոն նախագահ» վերտառությամբ քաղաքական ներկայացման բեմականացմանը՝ Պարոնյան թատրոնի լեփ-լեցուն դահլիճում, գրեթե անհնար էր հայերի գտնել։ Եվ դա լավ է՝ ռուս էմիգրանտները միշտ են իրենց հյուրընկալող երկրում ակտիվ եղել եւ էմիգրացիայում մշակութային հարուստ կյանքով ապրել, ստեղծագործել։ Բայց որքան էլ զմայլվենք կիրթ ու օրիգինալ այս զանգվածով՝ նրանց պահվածքով, հագուկապով, մեր կյանք բերած նորամուծությամբ, այս մարդիկ մերժված են իրենց իսկ հասարակության կողմից։

Ռուսաստանում նրանց դավաճան են համարում, անհայրենիք ու մորթապաշտ զանգված, որը միայն սեփական ֆիզիկական անվտանգության մասին է հոգում։ Որոնք նեղ պահին լքել են իրենց հայրենիքը, թաքնվել տաքուկ անկյուններում՝ խուսափելով պատերազմից, վտանգներից, հայրենիքի առջեւ իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց։

Մանավանդ որ իրենց ընտրած «տաքուկ» անկյունն այնքան էլ տաքուկ չէ եւ բազմաթիվ վտանգներով է հղի՝ սկսած պատերազմներից, վերջացրած երկրաշարժերով։ Սակայն որքան ռուսաստանյան հասարակությունն է այս անձանց օտարել իրենից, նույնքան օտար են նրանք նաեւ արեւմտյան հանրության համար, որտեղ ռուսները մերժված են՝ անկախ իրենց հայացքներից»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին