Կարևոր իրադարձություններ

Ինչ արտոնություններ ունեն ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրերը

08 Փետրվար, 2023 11:28
Ինչ արտոնություններ ունեն ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է ֆիզարձակուրդից աշխատանքի վերադարձած կերակրող մայրերի արտոնությունների ցանկը:

Երեխա խնամող աշխատողները ՀՀ աշխատանքային օրենսգրքով ունեն հետևյալ երաշխիքները և իրավունքները՝  

երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում աշխատանքի էական պայմանները չեն կարող փոփոխվել նվազ բարենպաստ պայմանների, բացառությամբ՝ պաշտոնի անվանման և (կամ) տարակարգերի.

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողների պահանջով կարող է սահմանվել ոչ լրիվ աշխատանքային օր կամ ոչ լրիվ աշխատանքային շաբաթ։  Այս դեպքում աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան.

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են արտաժամյա աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.

մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գիշերային աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ` նախնական բժշկական զննություն անցնելուց և գործատուին բժշկական եզրակացություն ներկայացնելուց հետո.

մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են տանը կամ կազմակերպությունում հերթապահության ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են հանգստյան օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին աշխատանքի ներգրավվել միայն իրենց համաձայնությամբ.

մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողները անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն. 

երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ տրամադրվում է երեխայի խնամքի արձակուրդ մինչև երեխայի երեք տարեկան դառնալը.

մինչև մեկ տարեկան երեխա խնամող աշխատողները կարող են գործուղման ուղարկվել միայն իրենց համաձայնությամբ.

մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավելն արգելվում է.

եթե մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից` պահպանելով միջին աշխատավարձը որը հաշվարկվում է` հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը.

գործող կարգավորումների համաձայն՝ երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում, և այդ ժամանակահատվածի համար պահպանվում միջին ժամային աշխատավարձը։

 

Լրահոս

Դիտել ավելին