«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այս շաբաթ որոշումներ է կայացնելու՝ Ազգային ժողովի ՔՊ-ական, ինչպես նաեւ «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավորների նկատմամբ՝ «անհամատեղելիության պահանջի առերեւույթ խախտման» հիմքով հարուցված վարույթներով:
Ի դեպ, գրել էինք, որ պատգամավորները ստացել էին հանձնաժողովի ծանուցումները, որ իրենց դեմ վարույթ կա: Հայաստանի Հանրապետությունում պատգամավորի մանդատի հետ անհամատեղելիության պահանջը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը սահմանված է ՀՀ Սահմանադրությամբ: Ստացվում է, որ հանձնաժողովը պատգամավորների գործունեության մասով խախտում է գտել (նրանք նաեւ բիզնես գործունեությամբ են զբաղվում), ինչը անհամատեղելի է:
Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն էլ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, որ ծանուցումը ստացել են, եւ տեղի ունեցածը իրենց համար թյուրիմացության հետեւանք է, ինչով այս պահին զբաղվում են իրավաբանները: Պետք է շտկվի խնդիրը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 107 պատգամավորների հայտարարագրերը ուսումնասիրվում են, եւ չի բացառվում, որ ցանկը այսքանով չավարտվի, այլ պատգամավորների մասով եւս խախտումներ հայտնաբերվեն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: