Կարևոր իրադարձություններ

ԱՀ նախագահն Արցախի զորակցությունն է հայտնել Սիրիայում երկրաշարժից տուժած հայերին

07 Փետրվար, 2023 19:36
ԱՀ նախագահն Արցախի զորակցությունն է հայտնել Սիրիայում երկրաշարժից տուժած հայերին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։

Արայիկ Հարությունյանը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը գրեթե երկու ամիս փակ պահելու հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական ճգնաժամը, նշել այն քայլերը, որոնք իրականացվում են Արցախի իշխանությունների կողմից իրավիճակի հաղթահարման ուղղությամբ։

Նախագահ Հարությունյանը մեծ ցավով ու ափսոսանքով է անդրադարձել Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժին, Վեհափառից հետաքրքրվել տեղի հայկական համայնքի որպիսությամբ,  արցախահայության զորակցությունը  փոխանցել բնական աղետից տուժած հայ ընտանիքներին։

Վեհափառ Հայրապետն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրյա աղոթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայությանը սատար կանգնելու համար:

Արամ Առաջինը վստահություն է հայտնել, որ միայն անկոտրում կամքով և կուռ միասնությամբ կհաջողվի հաղթահարել ծառացած մարտահրավերները և կանխել հումանիտար աղետը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին