Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

07 Փետրվար, 2023 18:28
Քննարկվել են Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի առաջին նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Արայիկ Հարությունյանը ողջունել է նիստի մասնակիցներին՝ ընդգծելով Շառլ Ազնավուրի հոբելյանն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու կարևորությունը: Հոբելյանական միջոցառումները տեղի են ունենալու 2024 թվականին:

Հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են աշխարհահռչակ շանսոնյեի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների նախապատրաստական աշխատանքները, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: Մտքեր են փոխանակվել նաև միջոցառումների ձևաչափերին ու ժամանակացույցին առնչվող մի շարք հարցերի շուրջ:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են մի շարք միջոցառումներ մայրաքաղաքում և մարզերում, մասնավորապես՝ համերգներ, գիտաժողով, ֆիլմերի ցուցադրություն, փոստային նամականիշների մարում, ձայնագրություններ:

Շառլ Ազնավուրի որդին, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը նման հանձնաժողով ստեղծելու համար և նշել. ««Ազնավուր» հիմնադրամի առաքելության հիմնական ուղղություններից մեկը Շառլ Ազնավուրի մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումն է, ինչպես նաև այն բարեգործական, հումանիտար արժեքների, որոնք նա կրում էր: Այդ համատեքստում Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներին նախապատրաստվելը մեզ համար բացառիկ կարևոր աշխատանքային ուղղություն է»:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Շառլ Ազնավուրի հոբելյանական տարին պատշաճ մակարդակով կազմակերպելու կարևորությանը և այդ համատեքստում ընդգծել շահագրգիռ գերատեսչությունների, համապատասխան կառույցների արդյունավետ աշխատանքի անհրաժեշտությունը:
 

 

Լրահոս

Դիտել ավելին