Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է՝ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Սիմոնյանը՝ Խորվաթիայի արտգործնախարարին

07 Փետրվար, 2023 16:49
Անհրաժեշտ է՝ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Սիմոնյանը՝ Խորվաթիայի արտգործնախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել՝ 2011 թվականին, առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները:

Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջեւ ակտիվ երկխոսության հարցում բարեկամական խմբերի դերին:

Գործընկերները խոսել են հետպատերազմյան իրադրությունից, Լաչինի միջանցքի ճգնաժամից, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայից եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող 120.000 հայերին սպառնացող վտանգներից ու Ադրբեջանի կողմից վարվող շարունակական ագրեսիվ քաղաքականությունից:

«Արցախ միջազգային, այդ թվում՝ հումանիտար կազմակերպությունների մուտքն արգելելու Ադրբեջանի քաղաքականությունն անընդունելի է: Մեր խորին համոզմամբ անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները եւ կառույցները Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն ունենան՝ մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում իրականացնելու համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին զրույց է ծավալվել միջազգային հարթակներում գործակցության հնարավորությունների շուրջ: Քննարկվել են կրթության, գիտության, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները:

«Կարծում եմ՝ ուղիղ թռիչքների գործարկումը կնպաստի երկու ուղղություններով զբոսաշրջության զարգացմանը»,- նկատել է Ալեն Սիմոնյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին