Կարևոր իրադարձություններ

Շվեդիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին

07 Փետրվար, 2023 16:17
Շվեդիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին
 

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին:Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ բազմոլորտ համագործակցության համար:

Գրիգոր Մինասյանը ներկայացրել է առաջիկայում իրականացվող բարեփոխումների տեսլականը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Նա նշել է, որ ներկայումս Արդարադատության նախարարությունը գտնվում է լայնածավալ բարեփոխումների փուլում, առաջիկայում նախատեսվում է նոր արբիտրաժային կենտրոնի բացումը:

Նախարարն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների ընթացքին, կոռուպցիայի դեմ պայքարում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, ոլորտային բարեփոխումներին հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությանը, նոր ձևավորված ներքին գործերի նախարարությանը, արդարադատության ակադեմիայի գործունեությունը կանոնակարգող օրենսդրական բարեփոխումներին:

Շվեդիայի հետ համագործակցության համատեքստում նախարարը, մասնավորապես, ընդգծել է՝ Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի ու Արդարադատության նախարարության համագործակցությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող ծրագրերը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև բարձր է գնահատել քրեակատարողական համակարգի աշխատողների համար Շվեդական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ իրականացված վերապատրաստումները:

 

Լրահոս

Դիտել ավելին