Կարևոր իրադարձություններ

Հոլիվուդյան դերասանը պատմել է հայկական արմատների մասին

07 Փետրվար, 2023 15:46
Հոլիվուդյան դերասանը պատմել է հայկական արմատների մասին

Ամերիկյան հանրահայտ դերասան Ջո Մանգանիելոն PBS-ին տված հարցազրույցում պատմել է իր մեծ տատիկի պատմությունը, որը փրկվել էր Հայոց ցեղասպանությունից։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը:

«1915 թ.-ին՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ, թուրքերը մտել են նրա տուն և փորձել իրականացնել իրենց սկսած ցեղասպանությունը: Կրակել-սպանել են նրա ամուսնուն, կրակել են նրա (խմբ.՝ դերասանի տատիկի մոր) վրա, նա պառկել է գետնին, ձևացրել, թե մահացած է: 7 այլ կրակոցներ են հնչել, որոնք (խմբ.՝ սպանել են) նրա յոթ երեխաներին», - պատմում է Ջո Մանգանիելոն:

47-ամյա դերասանը պատմում է, որ մահացած ձևանալով՝ իր մեծ տատիկն անշարժ պառկել է այնքան, մինչև թուրքերը դուրս են եկել տնից՝ օրորոցում թողնելով ութերորդ երեխային, որպեսզի նա սովամահ լինի: Կինը երեխային կապել է մեջքին և փախել:

«Մահվան երթերի ժամանակ պարզապես ձեռնաշղթաներ էին կապում հայերին, շղթայում նրանց միմյանց և դուրս էին բերում անապատ, իսկ քրդերին բաց էին թողնում, նրանց զինվորական վերարկուներ, ձիեր և հրացաններ էին տալիս, որպեսզի նրանք գնան և անեն՝ ինչ ցանկանում են անել իրենց մահացու թշնամիների՝ հայերի հետ», - ասում է Մանգանիելոն՝ նշելով, որ իր մեծ տատիկը փախել է դրանից:

Փախուստի ժամանակ Մանգանիելոյի մեծ տատը լողալով անցել է Եփրատ գետը, սակայն մյուս ափ հասնելով՝ տեսել է, որ իր մեջքին կապված կրտսեր զավակը խեղդվել է: Նա ապրել է քարանձավում՝ այլ փախստականների հետ, մինչև նրանց տարել են գերմանացի զինվորականները:

Զինվորական ճամբարում դերասանի մեծ տատիկը հղիացել է գերմանացի սպայից և աղջիկ է լույս աշխարհ է բերել, որն էլ դարձել է Ջո Մանգանիելոյի մորական տատիկը: Իսկ Մանգանիելոյի հորական կողմն իտալական արմատներ ունի:

Ջո Մանգանիելոն խաղացել է «Սարդ-մարդը», «Սուպեր Մայք», «Ինչ սպասել, երբ երեխա ես սպասում», «Սաբոտաժ» ֆիլմերում, «Իսկական արյուն» հեռուստասերիալում: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին