Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ժամանակ է ձգում. որևէ առարկայական քայլ չի արվել. «Փաստ»

07 Փետրվար, 2023 08:49
Թուրքիան ժամանակ է ձգում. որևէ առարկայական քայլ չի արվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կրկին կախված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայից հնչող հայտարարություններին, որոնց հիմքում կրկին նախապայմաններ են: Նախօրեին Թուրքիայի առևտրի նախարարը նշել էր, որ եթե Երևանի ու Բաքվի միջև քաղաքական կայունություն ձեռք բերվի, սահմանային անցակետեր կբացվեն, ինչի արդյունքում կաշխուժանա երկկողմ առևտուրը:

Թուրքագետն ընդգծեց, որ Հայաստանի հետ սահմանների բացում ամենաշատը ցանկանում են Կարսում, ինչով էլ պայմանավորված է նշված հայտարարությունը. «Նա պարզապես Կարսում է արել այդ հայտարարությունը, իսկ Կարսը Թուրքիայի ամենացածր, միջին եկամուտ ունեցող նահանգներից մեկն է համարվում: Կարսեցիները իրենց բարեկեցությունը Հայաստանի հետ սահմանի բացման հետ են կապում»: Նրա խոսքով, թուրք պաշտոնյան ասել է այն, ինչ ասում է այդ երկրի նախագահը կամ ԱԳ նախարարը:

«Ընդհանուր առմամբ, Թուրքիան ուղղակի ժամանակ է վատնում: Թուրքիան սպասում է՝ մինչև Հայաստանը և Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, որ նոր անցնի գործնական քայլերի: Այսինքն, մինչ այդ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ ռեալ բան տեղի ունենալ չի կարող: Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքական գործիչների այն հայտարարություններին, ըստ որոնց, հուսով են, թե առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիան քայլեր կանի, ուղղակի քաղաքական անհեռատեսության, պրոֆեսիոնալիզմի բացակայության, տարածաշրջանը, Թուրքիային չճանաչելու հետևանքն են:

Առնվազն պետք է դիտարկել, թե վերջին 25 տարում հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպիսի դիվանագիտական շփումներ են եղել, Թուրքիան ինչպիսի պայմաններ է առաջ քաշել»,-ասաց թուրքագետը՝ շեշտելով այդ գործընթացներում առաջընթացի բացակայության փաստի մասին»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին