Կարևոր իրադարձություններ

Ապրանքային նշանի գրանցման հայտի համար նախատեսվող հավելյալ տուրքը կհանվի

06 Փետրվար, 2023 18:12
Ապրանքային նշանի գրանցման հայտի համար նախատեսվող հավելյալ տուրքը կհանվի

««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵԱՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի՝ անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ-ի կայքից։

Տուրքերի չափերի առնչությամբ նախնական առաջարկ եղել է ԵԱՏՄ հանձնաժողովի կողմից՝ այն ներդաշնակեցնելով ներքին՝ ազգային ընթացակարգերով գործող տուրքերի, ինչպես նաև այլ անդամ երկրների նմանատիպ կարգավորումների հետ: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 6-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարության առաջարկած ևս մեկ փոփոխությամբ կհանվի ապրանքային նշանի գրանցման հայտի համար նախատեսվող հավելյալ տուրքը, ինչը, ըստ Ռաֆայել Գևորգյանի, միտված է տնտեսավարողների բեռն ավելի չծանրացնելուն:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Մենք ունենք որոշակի ապրանքների դեպքում արտահանման համար սահմանված պետական տուրք, սակայն նման տուրքը կիրառելի չէ ԵԱՏՄ կարգավորումներով ԵԱՏՄ երկրներ արտահանելու դեպքում:

Գործող օրենքում նման ամրագրումներ չկան, և այդ ամրագրումը կատարելու համար ներկայացվել են փոփոխություններ և լրացումներ»,- մանրամասնել է նա:

Ըստ հիմնական զեկուցողի՝ կատարվել են տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ և լրացումներ:

Քննարկված նախագծերը ստացել են դրական եզրակացություն:

Կառավարության հեղինակած ««Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչև երկու ամիս ժամկետով:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին