Կարևոր իրադարձություններ

Ամեն րոպե տան մեջ իրեն զգացել ենք, ցույց է տալիս, որ մեր կողքին է. «Փաստ»

04 Փետրվար, 2023 08:50
Ամեն րոպե տան մեջ իրեն զգացել ենք, ցույց է տալիս, որ մեր կողքին է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այսօրվա պատումի հերոսի մայրիկի՝ տիկին Քլարիսի հետ զրույցի ընթացքում նա ասաց, որ Էլվիսի մասին շատ բան կարող եմ իմանալ նաև տարիներ առաջ «Շողակաթ» հեռուստաընկերության՝ 7 տարի առաջ պատրաստած «Բարու զինվորիկ» տեսանյութը դիտելով:

 «Աստված է ինձ պահում, Աստծուն չեմ կարող դավաճանել, որովհետև ես նրա զինվորիկն եմ փոքրիկ: Շատ եմ սիրում եկեղեցին և մայրիկին եմ շատ սիրում: Ցանկանում եմ, որ եկեղեցիներն ավելի շատանան, որ մարդիկ ձգտեն դեպի լավը, դեպի բարին»,-սրանք Էլվիսի խոսքերն են, երբ նա խոսում է Աստծո ու եկեղեցու մասին:
 
Էլվիսը ռեժիսոր էր, դերասան, սովորել էր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում, սովորելուն զուգընթաց աշխատում էր, այդ թվում՝ նաև «Բումբումիկում»: Փոքրուց երգել է, մասնավորաբար՝ Սուրբ Կարմրավոր եկեղեցու հոգևոր երգչախմբում:

«Հիմա էլ եկեղեցում՝ վարագույրի հետևում, որպես մասունք, իր հագուստը պահում են, այն որևէ մեկը չի հագնում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քլարիսը:- Դեռ մանկությունից կրակ էր: Դպրոցական տարիներին գերակտիվ երեխա էր: Անգամ այդ տարիքից արդար էր, ամեն տեղ արդարություն էր փնտրում: Դերասանական ու ձայնային տվյալներ ուներ, կազմակերպչական ձիրք: Դպրոցում երբեմն բարկանում էր, երբ անտեսվում էր, իր ունակությունները չէին նկատում: Ու նաև այդ պատճառով եկավ մի տարիք, երբ լավ չսովորեց: Հետո, իհարկե, փոշմանել էր, ասում էր՝ ինչո՞ւ չէի սովորում»:

Զրույցների ժամանակ ուսուցիչները հաճախ են ասել՝ Էլվիսը երբեմն այնպիսի հարցեր էր տալիս, իր տարիքին ոչ համապատասխան, որ չգիտեինք, թե ինչպես պատասխանենք, որ նախ՝ բոլոր երեխաներին հասկանալի լինի, հետո էլ պատասխանը Էլվիսին բավարարի:

Մայրիկի խոսքով, իր տարիքից ավելի հասուն մտքեր ուներ. «Միշտ ասում էր՝ հայտնի մարդ եմ դառնալու: Ուզում էր ֆիլմեր նկարահանել, բայց որակյալ, ճաշակով: Ասում էր՝ դերասանն էլ պետք է իր տեղում լինի, լուրջ դերեր խաղա»: Տիկին Քլարիսն ասում է՝ որդու առաջին բառերը երգերն էին. «Պետք է օրորոցայիններ երգեի կամ էլ ուղղակի դասական երաժշտություն միացնեի, որ քներ: Սիրում էր որակյալ երաժշտություն ու ֆիլմեր: Քոլեջ ընդունվելիս իրեն հարցրել էին՝ գիտե՞ս, թե ում անունն ես կրում, ասել էր՝ այո, ռոքնռոլի արքայի՝ Էլվիս Փրեսլիի: Հարցրել էին՝ իսկ կարո՞ղ ես ինչ-որ բան երգել, դրական պատասխան էր տվել ու «Ով սիրուն, սիրուն» երգն էր կատարել: Քոլեջում մինչև հիմա այդ քննությունը հիշում են»: Էլվիսի ժամկետային զինծառայությունն անցել է Եղնիկներում՝ 2017-2019 թվականներին:

«Մի օր մի տրտունջ չեմ լսել, մի օր ախ չի ասել: Հակառակը՝ իր ցանկացած պատմություն լի էր հումորով: Անգամ պատերազմի օրերին, երբ արդեն կռվի դաշտում էր, հումորներ էր անում: Երբեմն մոռանում էի, որ կռվի դաշտում գտնվող երեխու հետ էի խոսում»:

Մայրիկն ասում է՝ երբ պատերազմը սկսվեց, վստահ էր, որ Էլվիսը կմեկնի Արցախ: «Մեծ եղբորը չթողեց, ինչպես ասում են, «տեղից շարժվել»՝ դու մամայի մոտ մնա: Ինձ սկզբում խաբեց, ասաց, որ իրեն կանչել են զինկոմիսարիատից, որ իր զինվորական գրքույկը տամ, աշխատանքի տեղն էլ էր նույնն ասել: Երբեք ոչ մի հարցում չի խաբել, բացի այդ մեկ դեպքը: Երբ արդեն գնացինք իրեն ճանապարհելու, այդ ժամանակ նոր միայն ասաց՝ մա՛մ, կամավոր եմ գնում: Սկզբում Ստեփանակերտից հասել են Ակնա: Ամբողջ ճանապարհին հայրենասիրական երգեր երգելով հասել են Արցախ, բազմաթիվ տեսանյութեր ու լուսանկարներ ունենք»: Պատերազմի ողջ ընթացքում Էլվիսը զանգահարել է մայրիկին, բայց երբ տեղափոխել են Շուշի, զանգերը դադարել են, այն էլ՝ այն պատճառով, որ մայրիկը հանկարծ պատերազմի ձայները չլսի:

«Բոլոր կողմերից պայթյունների ձայներ էին լսվում, Շուշիից չի զանգահարել, որ այդ ձայները չլսեմ: Նոյեմբերի 6-ի առավոտյան գրել էր՝ մա՛մ, ձեզ շատ սիրում եմ, կներեք, որ չզանգեմ, ուղղակի կապ չկա: Այդ գիշերն իրենց արթնացրել ու Շուշի էին տարել: Վերջին նամակից հետո որքան զանգահարեցի, արդեն հեռախոսն անջատված էր... 70 հոգու տանում են Շուշի, այնտեղ առաջինն իրենց հրամանատարն է զոհվում՝ Արմենը: Չէին ասել, որ Շուշի են գնում, ընդամենն ասել էին, որ առաջադրանք ունեն, ու դրանից հետո արդեն շատերին տուն կուղարկեն, կամ էլ կիջնեն հանգստանալու: Ինքը հրամանատարի հետ առաջ է գնում, հետո, երբ հրամանատարը զոհվում է, մյուս տղաները նահանջ են կատարում, զանգում են Էլվիսին, թե՝ հետ արի, ասում է՝ էլ չեմ կարող, բոլոր կողմերից կրակում են: Փոխանցում են, որ տղաներից երկուսն էլ, երբ հրամանատարին օգնության են գնացել, վիրավորվել են, իրենց օգնի, ասում է՝ իրենցից արդեն ահագին հեռու եմ»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին