ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզում տեղի ունեցած զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի բոլոր հանգամանքները: Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի լրատվական ծառայությունից։
Խոսակցությունը շարունակելու նպատակով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նույն օրը՝ երեկոյան, 30-ամյա տղամարդը, վերցնելով ապօրինի ձեռք բերված և պահվող ինքնաձիգը, մի քանի ընկերների հետ նրանցից մեկին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է գյուղի կենտրոնում գտնվող այգի, որտեղ արդեն իսկ սպասում էին 23 և 26-ամյա եղբայրները՝ իրենց ընկերների հետ: Վերջիններիս միջև լարված հարաբերությունների վերաբերյալ խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, երիտասարդները սկսել են տարածքում հավաքված քաղաքացիների ներկայությամբ հայհոյանքներ հնչեցնել միմյանց հասցեին, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բռնություն գործադրել միմյանց նկատմամբ՝ ձեռքերով և ոտքերով հարվածելով միմյանց մարմինների տարբեր մասերին: Այդ ընթացքում 30-ամյա տղամարդը, վերոնշյալ ավտոմեքենայի հետևի սրահից դուրս բերելով իր հետ նախապես վերցրած հիշյալ ինքնաձիգը, կրակոցներ է արձակել դեպի օդ, որից հետո ինքնաձիգի փայտյա կոթով հարվածներ հասցրել եղբայրների և վերջիններիս ընկերների մարմինների տարբեր հատվածներին:
Նախաքննությամբ պարզվել է նաև, որ 30-ամյա տղամարդը, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և կրել «EKOL 29» մոդելի գազային ատրճանակ և 2 հատ ինքնաշեն եղանակով պատրաստված փամփուշտ, դրանք ապօրինի փոխադրել Արմավիրի մարզի Գայ գյուղ, որոնք 2021թ. օգոստոսի 14-ին հայտնաբերվել են վերջինիս վարած ավտոմեքենայի զննությամբ:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: