Կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի) մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:
Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբում (դեպքերի 83.6%):
Առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականի հուլիսից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում հիվանդության վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիրը ներդրվել է 2 բուժհաստատությունում (Երևանում և Գյումրիում), ՀՀ բնակչության 50-75 տարիքային խմբում` պատահականության սկզբունքով:
Ընդհանրացված արդյունքները`
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն.
1727 հետազոտություն,
93 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,
67 քաղաքացի պետպատվերի շրջանակում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, հայտնաբերվել են տարբեր պաթոլոգիաներ, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խորհրդատվություն:
Գյումրիի «Բեռլին պոլիկլինիկա».
368 հետազոտություն,
4 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,
2 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խարհրդատվություն:
Ծրագիրը նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականը: