Կարևոր իրադարձություններ

Ամփոփվել են ծննդօգնության հայաստանյան և միջազգային փորձը ներկայացվող ծրագրի արդյունքները

02 Փետրվար, 2023 00:13
Ամփոփվել են ծննդօգնության հայաստանյան և միջազգային փորձը ներկայացվող ծրագրի արդյունքները

Արժանապատիվ մայրությունը, կնոջ իրավունքների հանդեպ հարգանքն ու դրանց պաշտպանությունը հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում կարևոր է թե՛ պետական ու ազգային մակարդակում դրական ցուցանիշներ ունենալու, թե՛ կնոջ և նրա ընտանիքի հոգեհուզական բարեկեցության համար։

Այս մասին այսօր նշվեց «Աջակցող միջավայր հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում» ծրագրի փակման միջոցառման ժամանակ, որը տեղի ունեցավ հունվարի 30-ին։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականից և իրականացվել է «Կետ 33» հասարակական կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցությամբ։

«Թեև նույնիսկ զարգացած պետություններում, ինչպիսին է, օրինակ, Գերմանիան, ծննդօգնության ոլորտում կան խնդիրներ, սակայն կան նաև այդ խնդիրների լուծման համար մշակված քաղաքականություններ։ Միևնույն ժամանակ նրանք հաղթահարել են խնդիրներ, որոնք դեռևս Հայաստանում առկա են։ Եվ այս առումով մենք կարևորում ենք միջազգային փորձի ուսումնասիրությունն ու դրանից օգուտներ քաղելը»,- ասաց  Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Լիանա Բադալյանը։

Ծրագրի շրջանակներում իրականացվել է «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավունքներ և իրավակարգավորումներ» հետազոտությունը, որի նպատակը համապարփակ կերպով ներկայացնելն է ծննդօգնության հարցերին վերաբերող օրենսդրական կարգավորումները, կանանց իրավունքները նախածննդաբերական, ծննդաբերական ու հետծննդաբերական փուլերում, ինչպես նաև վեր հանելու առկա խնդիրները, ինչը հետագայում կհեշտացնի կենտրոնանալ դրանց լուծումների վրա։

«Միջազգային բժշկական կառույցներն ու գիտնականները քննարկման առարկա են դարձնում «արժանապատիվ ծննդօգնություն» հասկացությունը, որի հիմքում իրավունքների պաշտպանությունն է, հարգանքը կնոջ և նրա նորածնի հանդեպ։ Ընդգծվում է այն միտքը, որ կլինիկական սպասարկումը որակյալ ծննդօգնության միայն մի բաղադրիչն է, մյուս բաղադրիչը արժանապատիվ վերաբերմունքն է։ Եվ դա ոչ թե հավելյալ, այլ անբաժանելի բաղադրիչն որակյալ սպասարկման»,- ասաց «Կետ 33» կազմակերպության նախագահ, ծրագրի ղեկավար Աստղիկ Կարապետյանը։

«Կետ 33» հասարակական կազմակերպությունից նշում են, որ ծրագրի շրջանակներում ստեղծվել է «Հեբամեները» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Գերմանիայում մանկաբարձների աշխատանքի և ծննդօգնության փորձի մասին։ Նաև ստեղծվել են նկարազարդում-պատումներ, որոնք ներկայացնում են հայաստանյան ծննդօգնության հարցերին վերաբերող իրազեկումներ ու խնդիրներ։

Ծրագրի արդյունքների ներկայացուցմից հետո միջոցառմանը քննարկվեցին ակտիվ քննարկվեցին ներկայացված հարցերը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի և Կառավարության, միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք պատրաստակամություն հայտնեցին համագործակցության՝ ծննդօգնության ոլորտում բարեփոխումներ ունենալու նպատակով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին