Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը

31 Հունվար, 2023 13:56
Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ գլխավոր տնօրենին է ներկայացրել Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը:Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Ակնկալելով ԱՀԿ աջակցությունը հումանիտար ճգնաժամը հաղթահարելու համար՝ քննարկվել են հետևյալ կետերը.

առաքելության՝ տեղում իրավիճակը գնահատելու,

անհրաժեշտ բժշկական պարագաներ և դեղորայք հասցնելու հնարավորությունը,

ԱՀԿ հստակ դիրքորոշումը՝ իրավիճակի առնչությամբ:

Նախարարը նշել է, որ 51-րդ օրն է, ինչ Արցախ տանող միակ ճանապարհը փակ է, շարունակում են գազի, էլեկտրաներգիայի, համացանցի անջատումները, ինչի պատճառով պլանային վիրահատությունները դադարեցված են և հետաձգվում են:

Մինչ օրս ծայրահեղ ծանր վիճակում 59 պացիենտ Կարմիր Խաչի միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան՝ կենսական բուժօգնություն ստանալու:

Նշել է նաև, որ շրջափակման և ժամանակին բուժօգնություն չստանալու հետևանքով մեկ պացիենտ մահացել է:

Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեին` Գործադիր

Խորհրդի նիստի ճեպազրույցի ժամանակ հարցին անդրադառնալու համար:

Իրավիճակի առնչությամբ ԱՀԿ գլխավոր տնօրենն իր մտահոգությունն է հայտնել և խոստացել համատեղ աշխատանքի միջոցով գտնել լուծումներ:

Նախարարն էլ շեշտել է, որ կպահպանվի ԱՀԿ-ի հետ մշտական կապը՝ իրադարձությունների զարգացման մասին տեղեկացնելու և ԱՀԿ կողմից, նշված երեք ուղղություններով առաջընթաց գրանցելու հարցում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին