Կարևոր իրադարձություններ

Նարեկ Մկրտչյանը «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ին պարգևատրել է հուշադրամով

30 Հունվար, 2023 18:50
Նարեկ Մկրտչյանը «Ճախրուկ» մշակութային ՀԿ-ին պարգևատրել է հուշադրամով

Բարձր գնահատելով երեխաների հիմնահարցերի ոլորտում արդյունավետ համագործակցությունն ու սոցիալական կյանքին երեխաների ներգրավվածության ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպությանը պարգևատրել է հուշադրամով։

Հասարակական կազմակերպության ղեկավարներ Աննա և Անահիտ Մխիթարյանների նախաձեռնությամբ՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները ոչ միայն ծանոթանում են հայկական երգարվեստին ու երաժշտությանը, այլև հանդես են գալիս որպես կատարողներ։

Նախարար Մկրտչյանը, կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների դերը հաշմանդամություն ունեցող երեխաների կարողությունների բացահայտման ու զարգացման գործում, շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին կատարած աշխատանքի համար։ Նախարարը նաև պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու «Ճախրուկ» միջազգային փառատոնի կազմակերպման նախապատրաստական և իրականացման հարցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև դասընթացների ընդլայնման հնարավորությունը՝ դրանցում ներառելով «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնի, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատան և նախարարության ենթակայությամբ գործող մյուս խնամքի հաստատությունների սաներին։

Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները նշել են, որ կշարունակեն անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ խնամքի հաստատություններում բնակվող երեխաների շրջանում երաժշտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու, պահանջվող հմտություններ ուսուցանելու, ինչպես նաև սեփական անձի կարևորությունը գիտակցելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին