Կարևոր իրադարձություններ

Լևոն Արոնյանը պարտվեց վերջին տուրում. Tata Steel Masters

29 Հունվար, 2023 23:40
Լևոն Արոնյանը պարտվեց վերջին տուրում. Tata Steel Masters

Վեյք Ան Զե քաղաքում այսօր ավարտվեց շախմատի Tata Steel Masters մրցաշարը:

Վերջին՝ 13-րդ տուրում, Լևոն Արոնյանը սպիտակներով մրցեց իրանցի Փարհամ Մաղսուդլուի հետ: Հայ շախմատիստը միջնախաղում կոպիտ սխալ թույլ տվեց, որից անմիջապես օգտվեցին սևերը և ի վերջո կարողացան իրացնել իրենց առավելությունը:

Այդպիսով, Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց և վաստակած 6,5 միավորով Ռիչարդ Ռապորտի հետ բաժանեց 7-8-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող դարձավ նիդեռլանդցի Անիշ Գիրին, որը վերջին տուրում հաղթեց հենց Ռապորտին և կես միավորով առաջ անցավ նախկին առաջատար Նոդիրբեկ Աբդուսատորովից:

Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը եզրափակիչ տուրում չնայած հաղթեց հնդիկ Էրիգաիշիին, սակայն 8 միավորով գրավեց 3-րդ տեղը:

Զուգահեռ անցկացված «Չելենջ» մրցաշարում հաղթանակ տարավ Գերմանիան ներկայացնող ռուսաստանցի շախմատիստ Ալեքսանդր Դոնչենկոն, որը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր:

 

Լրահոս

Դիտել ավելին