Կարևոր իրադարձություններ

Եգիպտոսի և Հայաստանի նախագահները քննարկել են տնտեսական համագործակցության հարցերը

29 Հունվար, 2023 15:10
Եգիպտոսի և Հայաստանի նախագահները քննարկել են տնտեսական համագործակցության հարցերը

Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին և Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը քննարկել են տնտեսական, քաղաքական և անվտանգության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի համար հայտարարության ժամանակ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին շնորհակալություն հայտնեց հայկական կողմին ջերմ ընդունելության համար։

«Ինձ համար շատ հաճելի է այցելել Երևան և իմ անկեղծ շնորհակալությունն ու խորին երախտագիտություն եմ հայտնում այս ջերմ հյուրընկալության և ընդունելության համար, որը վայելում եմ բարեկամ Հայաստան ժամանելու ընթացքում»,- ընդգծել է Եգիպտոսի նախագահը։

Ալ-Սիսիի խոսքով՝ այս այցը արտացոլում է Եգիպտոսի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։ Նա ընդգծեց, որ Եգիպտոսը շահագրգռված է զարգացնելու հայ-եգիտապական հարաբերությունները, որոնք պատմական խորը արմատներ ունեն։

Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին բարձր գնահատեց եգիպտահայ համայնքի ներդրումը Եգիպտոսի ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլն։

«Նրանց դերը լավագույն ազդեցությունն է ունեցել Եգիպտոսի հասարակական կյանքի հարստացման գործում»,- նշել է Եգիպտոսի նախագահը։

Ալ-Սիսին հայտնել է, որ  առանձնազրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանի հետ քննարկում է ունեցել Եգիպտոսի կողմից գազի և էներգիայի արտահանման հարցերի շուրջ։

«Այս համատեքստում Եգիպտոսի անունից երախտագիտություն եմ հայտնում Նորին Գերազանցություն նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիային նվիրված համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի Շարմ էլ Շեյխում, որն արտացոլում է Հայաստանի կողմից ուշադրությունը կլիմայի խնդրին»,- շեշտել է Եգիպտոսի նախագահը։

Եգիպտոսի և Հայաստանի նախագահները քննարկել են նաև տնտեսական համագործակցության հարցերը՝ ընդգծելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության աճի անհրաժեշտությունը։

Երկու նախագահները քննարկել են նաև  ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք  միջազգային և տարածաշրջանային հարցեր՝ լինի Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասում։

«Ընդգծել եմ բանակցությունների և քրտնաջան աշխատանքի կարևորությունը համապարփակ և արդար խաղաղության հասնելու համար»,- եզրափակել է Եգիպտոսի նախագահը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին