Կարևոր իրադարձություններ

Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա. «Փաստ»

26 Հունվար, 2023 08:35
Սպասում եմ իրեն ու շարունակելու եմ սպասել, հավատս չի գալիս, որ Ստեփանս չկա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժամկետային զինծառայությունը երբեմն այսպես են բնորոշում՝ պարտք հայրենիքին: Բայց պատերազմները ցույց են տալիս զուգահեռ իրականություններ, երբ տղաները, որոնք վաղուց արդեն իրենց պարտքը տվել են հայրենիքին, նետվում են մարտի, կամավոր մեկնում են ռազմի դաշտ, առանց վարանելու կամ երկմտելու, առանց մտածելու՝ բայց ինչո՞ւ գնամ, չէ որ ես իմ երկու տարին ծառայել եմ: Այս առումով իրարից բնավ չեն տարբերվում Արցախյան պատերազմները: Բացի այն, որ դրանք նախ և առաջ հայրենիքը պահպանելու ու պաշտպանելու համար են մղվել, բոլոր պատերազմներին բազմաթիվ կամավորականներ են մասնակցել, ահել թե ջահել հետևյալ սկզբունքով են առաջնորդվել՝ եթե ոչ ես, ապա էլ ո՞վ: Այսօր պատմելու ենք 44-օրյա պատերազմի մասնակից Ստեփան Դանոյանի մասին, նա պատերազմ կամավոր է մեկնել: Ստեփանի մասին մայրիկն է պատմում՝ տիկին Կարինեն:

«Աշխույժ էր, ամեն հարցում աչքի ընկնող, բնականաբար՝ լավ իմաստով, ինքն ուներ իր ներքին սահմանները, որոնցից երբեք դուրս չէր գալիս: Դրա համար էլ բոլորն իրեն շատ սիրում և հարգում են, դպրոցից սկսած մինչև աշխատավայր ու ընկերական շրջապատ: Նվիրվում էր բոլորին: Շատախոսել չէր սիրում, ինքնամփոփ էր, իր ապրումները, մտքերն իր մեջ էր պահում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Կարինեն:

Դպրոցական տարիների մասին խոսելիս Ստեփանի մայրիկը նշում է՝ չի կարող ասել, որ որդին շատ լավ է սովորել կամ շատ վատ: «Նորմալ սովորել է: Մաթեմատիկա ու ֆիզիկա առարկաները շատ էր սիրում, բնագիտական առարկաներն իրեն ավելի հոգեհարազատ էին, մասնագիտական ուղղությունն էլ պատահական չէր: Մտքում արագ-արագ գումարում ու բազմապատկում էր թվերը»,- հավելում է զրուցակիցս:

Դպրոցն ավարտելուց հետո Ստեփանը զորակոչվել է բանակ: «Այնպես ստացվեց, որ մասնակցեց նաև Քառօրյա պատերազմին: Նույն տարվա հունվարին զորակոչվել էր ծառայության: Ժամկետային զինծառայության առաջին վեց ամիսն անցավ Էջմիածնում, հետո տեղափոխվեց Զինավան: Հետախույզսակրավոր էր: Ծառայության ընթացքում երբեք չի դժգոհել, սիրում էր զինվորականի կյանքը, սիրով է ծառայել: Ընկերներն են պատմում՝ հումորով էր, կատակասեր, անգամ չէր թողնում, որ ծխեինք: Ընկերներն են իրեն այդպիսին հիշում: Ինքն էլ, երբ արդեն զորացրվել էր, մեծ սիրով էր հիշում ծառայության տարիները: Պատմում էր ընկերներից, ամեն հիշողության մեջ մի տեսակ ջերմություն կար: Բավականին հետաքրքիր են անցել ծառայության տարիները»,-ասում է տիկին Կարինեն:

Արդեն զորացրվելուց և քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո Ստեփանը BAC ընկերությունում վեց ամիս հաշվապահության դասերի է հաճախել, հետո աշխատել իր մասնագիտությամբ. «Ապագայի հետ կապված ծրագրեր ուներ, ընկերոջ հետ որոշել էին ֆոտոսեսիաներ կազմակերպող ընկերություն բացել, բայց այդ և մյուս նպատակները մնացին անկատար»: Իսկ երազանքներն անկատար մնացին, քանի որ Ստեփանը զոհվեց մարտի դաշտում:

«Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, գնում էր աշխատանքի, գալիս, հետևում լուրերին: Արդեն որոշել էր, որ պետք է կամավոր մեկնի: Զինկոմիսարիատ է գնացել, ասել, որ պատրաստ է մեկնել առաջնագիծ: Սեպտեմբերի 29-ին մեկնեց, սկզբում Մարտակերտում էր, հետո տեղափոխել են Մատաղիս: Մեզ հետ կապ հաստատեց հոկտեմբերի 1-ին: Զանգեց, խոսեցինք, ասաց՝ ամեն ինչ լավ է, ինձ համար չանհանգստանաք, հենց պատերազմն ավարտվի, կգամ: Անգամ ընկերներն ասել էին՝ մի գնա, ինչի՞ ես գնում, արձագանքել էր՝ որ ես չգնամ, մյուսը չգնա, ո՞նց կլինի, տղերքին օգնել է պետք, բացի դա էլ՝ Քառօրյային մասնակցել եմ, մի քանի օր է, կգնանք ու հետ կգանք»,- պատմում է տիկին Կարինեն, հետո հավաստում, որ որդին էլ շատերի պես գուցե չի պատկերացրել պատերազմի ծավալները, որ այն այնքան էլ շուտ չի ավարտվի. «Ստեփանն էլ թերևս կարծում էր, որ մի քանի օրից կվերադառնան, ամեն ինչ կավարտվի: Ուղղակի ուզում էր նաև ծառայող տղաների կողքին լինել, քաջալերել, օգնել»:

Հետաքրքիր էր նաև այն, որ Ստեփանը, կարծես թե, յուրօրինակ նշաններ է ստացել, համենայն դեպս մայրիկի հետ զրույցում ինքս ինձ համար նման եզրահանգման եկա: «Գնում էր զինկոմիսարիատ, մի օր անունն էր սխալ, հետ եկավ, մի օր գրած չէր ընդհանրապես: Բայց կարծես պայքարեց, իր անունը վերջին պահին գրել տվեց, բարձրացան ավտոբուս ու շարժվեցին: Մենք, իհարկե, չէինք ուզում, որ գնար, բայց ինքն իր որոշումից հետ չկանգնեց: Ավելին ասեմ՝ իր գնալու օրը լուսադեմին իր հայրիկին ստենդավորեցին, բայց անգամ դա իրեն հետ չպահեց իր որոշումից: Ընկերներին էլ խաբել էր ու ասել, որ իրեն կանչել են զինկոմիսարիատից, որպեսզի, այսպես ասենք, իրեն չխանգարեն, չհամոզեն, ու հասնի Արցախ»»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին