Կարևոր իրադարձություններ

Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

20 Հոկտեմբեր, 2015 12:51
Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Հունաստանի նախագահի հետ

Հոկտեմբերի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը Հունաստանում հանդիպում է ունեցել նախագահ Պրոպոկիս Պավլոպուլոսի հետ:

Այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը: Վեհափառ Հայրապետին ընկերակցրել են Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաջյանը և ազգային վարչության ատենապետ Արա Մանկոյանը:

Նորին Սրբությունը նախ ողջունել է Հունաստանի պետության կազմակերպած «Կրոնների և մշակույթների խաղաղ գոյակցությունը Միջին Արևելքում» խորագրով համագումարը: Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Հունաստանի պետական անձանց հետ տեսակցության ընթացքում առաջարկ էր ներկայացվել, որ Հունաստանը նման նախաձեռնություն իրականացնի` շեշտելով արևելքն արևմուտքին կամրջող Հունաստանի կարևոր տեղն ու դերը:

Արամ Ա կաթողիկոսը բարձր է գնահատել Հունաստանի նախագահին, ով քաղաքական կյանք մուտք գործելուց ի վեր նեցուկ է կանգնել Հայ դատին և այսօր որպես նախագահ շարունակում է դրսևորել նույն կեցվածքը:

Նախագահ Պավլոպուլոսը հայտնել է, որ հարգում է հայ ժողովրդին ու նրա արդար դատը և վստահեցրել է, որ կշարունակի աջակցել Հայ դատին: Նախագահը դրվատանքով խոսել է Հունաստանի հայ գաղութի մասին, որն իր կարևոր ներդրումն ունի երկրի բարգավաճման ու զարգացման գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին