Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է նոր ծրագիր՝ միգրանտների ինտեգրման պայմանների բարելավման համար

25 Հունվար, 2023 15:13
Մեկնարկում է նոր ծրագիր՝ միգրանտների ինտեգրման պայմանների բարելավման համար

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը մարզպետի խորհրդկան Արթուր Նաջարյանի հետ հյուրընկալել են «Միգրացիայի միջազգային կազմակերպության» ծրագրերի համակարգող Արեգ Բադալյանին։ Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի ֆեյսբուքյան էջից։

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Միգրացիայի միջազգային կազմակերպության» կողմից նոր մեկնարկող՝ «Միգրացիայի ներուժի խթանում սոցիալ-տնտեսական զարգացման համար Հայաստանում և Վրաստանում» ծրագրին։

Արեգ Բադալյանը տեղեկացրել է, որ ծրագրի նպատակը Հայաստան և Վրաստան վերադարձած միգրանտներին այնպիսի միջավայրում վերաինտեգրվելն է, որը հնարավորություն կտա նպաստել նրանց համայնքների սոցիալական կայունությանը և տնտեսական բարեկեցությանը:

Ծրագրի տևողությունը 2 տարի է։

Ողջունելով և կարևորելով այսօրինակ ծրագրի իրականացումը՝ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը նշել է, որ մարզպետարանը պատրաստ է համագործակցության և հնարավորությունների սահմաններում կաջակցի ծրագրի իրականացմանը, քանզի այն կնպաստի միգրացիայի ցուցանիշների նվազմանը և մարզի աշխատուժի կարողությունները տեղում նպատակային օգտագործելուն։

Ծրագրի բաղադրիչներից առաջինը ներառում է միգրանտների հմտությունների և մասնագիտական կարողությունների գնահատում, ինչպես նաև աշխատաշուկայի ուսումնասիրություն Շիրակի մարզում։

Արդյունքում վերաինտեգրման միջոցառման գործողություններ կիրականացվեն մարզի միգրանտների համար՝ նպաստելու ինտեգրմանը գործող աշխատաշուկայում։ 5-6 միգրանտ կստանա ֆինանսական դրամաշնորհ՝ սեփական բիզնեսի հիմնման կամ առկա բիզնեսի զարգացման նպատակով։ Երկրորդ բաղադրիչը միասնական սոցիալական ծառայությունների գնահատումն է Հայաստանում, որի հիման վրա ծառայության աշխատակիցների համար կձևավորվեն կարողությունների զարգացման ծրագրեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին