Կարևոր իրադարձություններ

Արմավիրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իրացման դեպքի հանգամանքները պարզվել են

25 Հունվար, 2023 12:08
Արմավիրում թմրամիջոցների ապօրինի շրջանառության, իրացման դեպքի հանգամանքները պարզվել են

ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել են մարզում մի քանի անձանց կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության, իրացման դեպքի հանգամանքները:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչոթյունից՝ նշելով, որ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 50-ամյա տղամարդը, խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջը, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել է զգալի չափերի չհասնող 0.61 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի, ինչպես նաև զգալի չափերի 0.17 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ։ Նախնական պայմանավորվածության համաձայն, 2022 թվականի ապրիլի 26-ին՝ օրվա տարբեր ժամերի, Էջմիածին քաղաքում, մի դեպքում քաղաքային հրապարակում, մեկ այլ դեպքում՝ դպրոցներից մեկի մոտակայքում 10.000-ական ՀՀ դրամի դիմաց ապօրինի իրացրել է 23 և 42-ամյա տղամարդկանց: Հիշյալ թմրամիջոցները նույն օրը հայտնաբերվել և վերցվել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից՝ վերջիններիս անձնական խուզարկությամբ:

Ընդ որում, ըստ վարույթում առկա տվյալների՝ 23-ամյա երիտասարդը կախվածություն է  ձեռք բերել 50-ամյա տղամարդուց անհատույց տարբերակով մի քանի անգամ թմրանյութ ստանալու և օգտագործելու հետևանքով, որից հետո էլ վերջինիցս գնել է վերոնշյալ թմրամիջոցը։

Բացի այդ, Երևան քաղաքում 50-ամյա տղամարդը առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ 0.25 գրամ քաշով «մեթամֆենտամին» տեսակի թմրամիջոց, որից հետո այն տեղափոխել է Էջմիածին քաղաք, որտեղից ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման  ենթարկելու ընթացքում  գրպանից գետնին է նետել այն, որը նույն օրը իր մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել է:

Մեկ այլ օր, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկվելով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին, նրա մոտ անձնական խուզարկությամբ վերարկուի աջ գրպանում, ինչպես նաև ներքնազգեստի վրա կարված կտորե գրպանում հայտնաբերվել է խոշոր չափերի՝ 0.6 գրամ քաշով «մեթամֆենտամին» տեսակի՝ անհայտ անձից, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար ապօրինի ձեռք բերված և պահված թմրամիջոց:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 50-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

23 և 42-ամյա տղամարդկանց ևս մեղադրանք է ներկայացվել:  Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, երեք անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:

 

Լրահոս

Դիտել ավելին