Կարևոր իրադարձություններ

Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով. Փրայս

25 Հունվար, 2023 09:54
Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը հույս ունի, թե Երևանի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսություն կվերսկսվի:

«Հուսով ենք` երկխոսությամբ հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության: Մենք շարունակում ենք անմիջական քննարկումներ ունենալ Հայաստանի և Ադրբեջանի հետ: Մենք դա անում ենք թե երկկողմանի ձևաչափով, թե մեր գործընկերների հետ, թե կազմակերպությունների միջոցով: Մենք շարունակելու ենք անել ամենաարդյունավետը`այս բավականին սուր հարցերին լուծում տալու համար»,- լրագրողի հարցին ի պատասխան` ասել է Փրայսը:

Վերջինս նշել է նաև, որ ամերիկյան կողմը տիրապետում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին և ունի որոշակի մտահոգություններ. 

«Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացումը ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքի այլ աշխատողների ուշադրության կենտրոնում է։ Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության շարունակական խոչընդոտումը հանգեցնում է սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի պակասի առաջացմանը միջանցքից կախված բնակչության համար, ինչպես նաև խաթարում է այստեղ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մատակարարումները: Բնական գազի և այլ հիմնական կոմունալ ծառայությունների մատակարարման խափանումն էլ ավելի է սրում վատթարացող հումանիտար իրավիճակը:

Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ առևտրային և մասնավոր երթևեկության համար: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է լուծում գտնել այս փակուղուց, որը կապահովի այստեղ ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է առաջ շարժվել բանակցությունների միջոցով և հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցմանը»:

 

Լրահոս

Դիտել ավելին