Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

Փրկարարները կստանան էլեկտրական և հիբրիդ ավտոմեքենաների վթարների հետ կապված աշխատանքների անվտանգության գիտելիքներ

24 Հունվար, 2023 22:19
Փրկարարները կստանան էլեկտրական և հիբրիդ ավտոմեքենաների վթարների հետ կապված աշխատանքների անվտանգության գիտելիքներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, փրկարար ծառայության մայոր Հովսեփ Բադալյանը, փ/ծ ավագ լեյտենանտ Վահագն Հովակիմյանը, փ/ծ լեյտենանտ Սերյոժա Մարտիրոսյանը եւ վարորդ-փրկարար, փ/ծ ենթասպա Վահրամ Ավոյանը մշակել են էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ (ունեն լիցքավորվող շարժիչ, աշխատում են նաեւ նավթային վառելիքով) ավտոմեքենաների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների անվտանգության մասին դասընթաց, որը կներդրվի ՃԿՊԱ-ում փրկարարների վերապատրաստման տարեկան պլանում: Այս մասին հայտնում են Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից։

Աղբյուրի հաղորդմամբ, ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում փրկարարական աշխատանքների իրականացման թեմաներով վերապատրաստումներ կազմակերպվում են ամեն տարի: Այս ծրագիրը բացառապես էլեկտրական շարժիչով եւ հիբրիդ ավտոմեքենաների վթարներին է վերաբերում:

«Այսօր ՃԿՊԱ ղեկավարության եւ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի, փրկարարական ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գեւորգյանի մասնակցությամբ խորհրդակցությունում վերապատրաստման ծրագիրը հաստատվեց:

 

Հովհաննես Եմիշյանի խոսքով՝ էլեկտրական մեքենաների քանակն ավելանում է, ու տրանսպորտային վթարներին առաջինն արձագանքողները՝ այդ թվում՝ փրկարարները պետք է իմանան ինչպես վարվել, որ մարդկանց օգնեն, ոչ թե վնասեն իրենց:

 

«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանի խոսքով՝ էլեկտրական մեքենաների մարտկոցները ունեն գերտաքանալուց ինքնահրկիզման, հարվածի դեպքում՝ բռնկման հավանականություն: Էլեկտրական մեքենայի մի համակարգի խափանման դեպքում կարող են չաշխատել այլ համակարգեր՝ վթարից դռները չտուժեն, բայց չբացվեն, ղեկը չպտտվի եւ այլն: Էլեկտրական եւ հիբրիդային մեքենաներ արտադրում են բազմաթիվ ընկերություններ եւ դրանց կառուցվածքները տարբեր են՝ մեքենաների տարբեր հատվածներում են մարտկոցները, հոսանքի փոխակերպիչներն ու ուժեղացուցիչները, բարձր լարման հոսքագծերը եւ այլն: Այս ամենը փրկարարի համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու՝ ինչպես մեքենայից հանել արգելափակված քաղաքացուն, ինչպես հոսանքազրկել վթարված մեքենան, ուստի այս թեմայով վերապատրաստումն անհրաժեշտություն է: ՃԿՊԱ մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանում առկա ամենատարածված էլեկտրական եւ հիբրիդ մեքենաներն ու ըստ դրա կազմել վերապատրաստման դասընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ առաջին՝ արտապլանային դասընթացները, կկազմակերպվեն արդեն այս փետրվարին՝ Երեւանի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի համար: Միաժամանակ փրկարար ծառայությունը ձեռք կբերի էլեկտրական մեքենաների վթարների դեպքում կիրառվող հատուկ գույք եւ գործիքներ:

 

 ՃԿՊԱ-ում մտադիր են մշակել վերապատրաստման ծրագիր արեւային մարտկոցներով համալրված շինություններում փրկարարական եւ հրդեհաշիջման աշխատանքների անվտանգության թեմայով:

 

Լրահոս

Դիտել ավելին