Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Աղաջանյան

24 Հունվար, 2023 18:34
Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. Աղաջանյան

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացին: Հանդիպմանը ներկա է եղել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբի անդամ Մարիա Կարապետյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի մամուլի ծառայությունից։

Լուկաս Ռոզենկրացին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Մանրամասներ ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ: Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ ճանապարհի արգելափակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից:

Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումները մեծապես խոչընդոտում են տարածաշրջանում անվտանգության և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը:

Էդուարդ Աղաջանյանը Լեռնային Ղարաբաղում ծավալվող ճգնաժամային իրավիճակը կանխելու հարցում կարևորել է միջազգային գործընկերների դերակատարությունը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել ԵՄ-ի խորհրդի որոշումը` Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն ստեղծելու վերաբերյալ (EUMA)` Ընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության շրջանակում (CSDP):

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, ընդգծվել է բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցերի:

Լուկաս Ռոզենկրացին կարևորել է հայ-շվեյցարական միջխորհրդարանական հարաբերությունների խորացումը, ինչպես նաև մի շարք ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Հայ խորհրդարանականները բարձր են գնահատել դեսպանի գործուն դերակատարությունը Հայաստանի և Շվեյցարիայի միջև հարաբերությունների զարգացման հարցում:

Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև երկարամյա ջերմ բարեկամական հարաբերությունները` նշելով, որ տարբեր ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա:

 

Լրահոս

Դիտել ավելին