Կարևոր իրադարձություններ

Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. ԱՀ դատախազը՝ «Փաստ» լրատվական կայքի հրապարակած հոդվածի մասին

24 Հունվար, 2023 18:09
Այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. ԱՀ դատախազը՝ «Փաստ» լրատվական կայքի հրապարակած հոդվածի մասին

 Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Այսօր past.am կայքում հրապարակվել էր «Արցախում ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի.» վերտառությամբ մի հոդված, որում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի վերաբերյալ զետեղվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

 
 

Այդ կապակցությամբ իրազեկում եմ, որ՝

ա) Արցախի Հանրապետության դատախազությունն աշխատում է նախադեպը չունեցող ծանրաբեռնվածության պայմաններում, իսկ գլխավոր դատախազը իրականացնում է իր լիազորությունները.

բ) Գլխավոր դատախազը որևէ մեկի հետ կոալիցիա չի կազմել, իսկ հրապարակման մեջ նշված անձանցից որոշների հետ (Մասիս Մայիլյան, Հայկ Խանումյան) երբևէ որևէ տեսակի անձնական շփում կամ հարաբերություն չի ունեցել, իսկ պաշտոնական շփման առիթներ գրեթե չեն եղել.

գ) Հայկ Խանումյանի հետ կապված քրեական գործը բացառապես մասնագիտական դաշտում է և որևէ կերպ չի կարող հրապարակման մեջ նշված՝ չակերտավոր բարեկամության կամ անձնական այլ հենք ունենալ: Գլխավոր դատախազը ունի սկզբունքներ, որոնք ոչ մի պարագայում չեն կարող սասանվել.

դ) Գլխավոր դատախազը ապաքաղաքական պաշտոնյա է, պետական բազկաթոռ ունենալու մոլուցքով չի տառապում և անհրաժեշտության դեպքում լինելու է այնտեղ, որտեղ կարող է ավելի մեծ արդյունավետությամբ ծառայել արցախցուն:

 

Քանի որ ակնհայտ են նաև հոդվածի նպատակներն ու շարժառիթները, սպասարկվող շահերը, ուստի հայտարարում եմ նաև, որ ինձ համար Արցախի Հանրապետության ու ժողովրդի շահը վեր է ամեն ինչից: Անկախ դիմացինի զբաղեցրած պաշտոնեական դիրքից, կապերից ու հնարավորություններից, ես չունեմ արտահայտվելու և շիտակ խոսքը դիմացինին ներկայացնելու որևէ կաշկանդվածություն, որքան էլ դա ոմանց համար ցավոտ կամ ծանր լինի:

Աշխատանքային մերօրյա ծանրաբեռնվածության պայմաններում ժամանակ գտնելն ու նման հրապարակումներ նախաձեռնելը կրկին վկայում և փաստում է որոշ անձանց խիստ ցածր արդյունավետության և նպատակների ու դերակատարության՝ մեղմ ասած տարակուսելի լինելու մասին»:

Ինչպես արդեն հայտնել էինք, «Փաստ» լրատվական կայքը հոդված էր հրապարակել՝ «Ընդդեմ Ռուբեն Վարդանյանի ձևավորված «կոալիցիան» նաև նախագահի իր թեկնածուն ունի» վերնագրով։

 

Լրահոս

Դիտել ավելին