Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    423
    439

  • RUB

    5,44
    5,84

Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը

24 Հունվար, 2023 12:35
Կյանքից հեռացել է կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը

77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը։ Այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Աշոտ Զոհրաբյանը ծնվել է 1945 թ․ Երևանում: 1967-72 թթ. սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժնում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: 1971 թվականից դասավանդել է Երևանի թիվ 2 երաժշտական ուսումնարանում: 1972 թվականից կոմպոզիցիա և տեսական առարկաներ է դասավանդել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1980 թվականից ԵՊԿ պրոֆեսոր է: Վերջին տարիներին կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի վարիչն էր։

Հեղինակ է կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների՝ Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, «Սերենադ» 13 մենակատարների համար, «Նվիրում Մեծարենցին» կամերային նվագախմբի, ֆլեյտայի, 2 հոբոյի, 2 եղջերափողի համար, «Ritual» 3 ֆլեյտայի համար և այլն։

Նրա ստեղծագործությունները կատարվել են աշխարհի տարբեր երկրներում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ԱՄՆ և այլուր:

Աշոտ Զոհրաբյանը 2012 թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: 2017 թ․ պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով։

Աշոտ Զոհրաբյանը վարում էր ակտիվ ստեղծագործական, ինչպես նաև մշակութային-հասարակական գործունեություն։ Իր ուսանողներից շատերը միջազգային մրցույթների դափնեկիրներ են և շարունակում են կոմպոզիտորի ստեղծագործական դպրոցի ավանդույթները։

Աշոտ Զոհրաբյանը մի շարք հեղինակավոր մրցույթների ժյուրիի կազմում էր։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Աշոտ Զոհրաբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին, գործընկերներին, երաժշտասեր հանրությանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին