Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    418
    434

  • RUB

    5,36
    5,76

Կարևոր իրադարձություններ

Ամեն ինչ կիսատ մնաց, իր ու բոլորիս երազանքները. «Փաստ»

24 Հունվար, 2023 09:04
Ամեն ինչ կիսատ մնաց, իր ու բոլորիս երազանքները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Գարիկը բազմազավակ՝ յոթ երեխաներով հարուստ ընտանիքի զավակներից՝ հինգ քույրերից ու երկու եղբայրներից մեկն է: Ծնվել է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում 2001 թ. մարտի 7-ին: Խնձորեսկում դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է մայրաքաղաք և ընդունվել Երևանի N1 արհեստագործական ուսումնարանի մեքենաշինության բաժին։ Այս տվյալները 44-օրյա պատերազմին մասնակցած ժամկետային զինծառայող Գարիկ Աղասյանի կենսագրության ամենասկզբում գրվող փաստեր են: Բայց մեզ համար կարևոր է պատմել Գարիկի մասին՝ որպես մեր կողքին ապրող մի տղայի, որը բազում երազանքներ ու նպատակներ ուներ, բայց որի կյանքի ընթացքն ընդհատեց մահաբեր պատերազմը: Գարիկի և քրոջ՝ Լուսինեի տարիքային տարբերությունը բավականին մեծ է՝ 19 տարի:

«Իմ տղան իրենից մի քանի ամիս է մեծ, տարբերությունն այդպես կարող եք պատկերացնել: Գարիկը հրաշալի մարդ էր, ընկերասեր, նվիրվող: Դա վերաբերում է բոլոր այն միջավայրերին, որտեղ ինքն ապրել ու սովորել է՝ գյուղին ու քաղաքին, դպրոցին և ուսումնարանին: Ամեն տեղ կարողանում էր ընկերներ գտնել, ընկերական միջավայր ստեղծել: Հանգիստ էր իր տեսակով, բայց նաև աշխույժ, ինչպես ժողովուրդն է ասում՝ իրեն պահելու ձևը գիտեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լուսինեն:

Դպրոցական տարիների մասին խոսելիս շեշտում է, որ վարքի տեսանկյունից շատ հանգիստ երեխա է եղել: «Բայց որ ասեմ սովորող է եղել, չէ: Նաև իր վարքի համար իրեն շատ սիրել են դպրոցում, մինչև հիմա էլ ուսուցչական կազմը, ընկերները մեծ ցավ են ապրում Գարիկի համար»,հավելում է զրուցակիցս: Հայրենի Խնձորեսկի դպրոցում իններորդ դասարանն ավարտելուց հետո, նաև ընտանիքի խորհրդով, որոշել է արհեստ սովորել, տեղափոխվել է Երևան, ընդունվել արհեստագործական ուսումնարան. «Սովորում էր, նաև աշխատում: Ուսումն ավարտելուց հետո մեկնեց պարտադիր զինվորական ծառայության»: Գարիկը բանակ է զորակոչվել 2019 թ. հուլիսի 12-ին, ծառայությունն անցել է Ջրականում, եղել է դիպուկահար:

«Ծառայության ընթացքից շատ գոհ էր: Այնտեղ ծառայող ծանոթ տղաներ կային, և ինքը շուտ հարմարվեց, մյուս կողմից էլ, սակայն, երբ Գարիկը հայտնվում էր անգամ անծանոթ միջավայրում, անմիջապես սկսում էր ծանոթանալ, ընկերանալ, դա իր համար երբեք էլ խնդիր չի եղել: Իմ տղայի հետ միասին են ծառայել: Տղաս պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 7-ին վիրավորվեց, մեզ «հասավ»: Հույս ունեինք, որ ինքն էլ պիտի մեզ հասներ, թեկուզ վիրավոր, բայց…»,-նշում է քույրիկը:

Նրա խոսքով, պատերազմի թեժ օրերին անգամ Գարիկը առիթը բաց չի թողել մայրիկի հետ թեկուզ մի պահ խոսելու համար, «ասում էր, որ ամեն ինչ լավ է, հանգիստ եղեք, իմ մասին չմտածեք»։ Իսկ հետո սկսում ենք զրուցել «դեպքի» մասին: Հետաքրքիր է, բայց անգամ տարիներ անց պատերազմում նահատակված տղաների ընտանիքներն իրենց որդիների մահվան օրվա ու հանգամանքների մասին խոսելիս այն «դեպք» են անվանում կարծես մահ ու մահանալ բառերն իրենցից հեռու վանելու համար:

«Պատերազմի օրերին Գարիկը տարբեր տեղերում է եղել, բայց կոնկրետ դեպքը եղել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում: Գարիկը գնացել է հրամանատարին դուրս բերելու, հենց այդ ժամանակ էլ վիրավորվել է դիպուկահարի կրակոցից: Երեքով գնացել են, երկուսը վերադարձել են, Գարիկը՝ ոչ, ասել են, որ Գարիկին խփել են»:

Հոկտեմբերի 21-ը որպես մահվան օր հավաստվում է փաստաթղթերով, ընտանիքը մինչև հոկտեմբերի 18-ը Գարիկի հետ կապ է ունեցել: Տղաների ու նաև պատերազմի մասին ևս մեկ պատմություն, որի մեջ անպատասխան մնացած հարցեր կան:

«Ընկերների պատմելով, հոկտեմբերի 7-ին վիրավորվել է, բայց հրաժարվել է բժշկական օգնությունից՝ ասելով՝ թեթև քերծվածք է, չի կարող լքել դիրքերը և մենակ թողնել ընկերներին։ Հոկտեմբերի 10-ին իրենց ջոկատով Հադրութում 200 հոգանոց դիվերսիոն խումբ են ոչնչացրել: Այս ողջ ընթացքում իր հետ կապի մեջ ենք եղել: Վերջին զանգը եղել է հոկտեմբերի 18-ին: Խոսեց բոլորիս հետ, հասկացրեց, թե որ տարածքում է, ասաց՝ լավ եմ, ոչ մի բանի մասին չմտածեք… Հոկտեմբերի 18-ից հետո իրենից լուր չենք ունեցել:

Հոկտեմբերի 20-ն էր, չէինք կարողանում իր հետ կապվել, ընկերներին գտանք, ասում էինք՝ եթե կտեսնեք իրեն, փոխանցեք, որ զանգահարի մեզ: Ասացին, որ Գարիկը փոխանցում է՝ լավ եմ, ուղղակի կապ չկա, հեռախոս չկա: Դա՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ: Դրանից հետո սկսվեցին մեր փնտրտուքները, գուցե նաև շատերը գիտեին, թե ինչ է պատահել, ուղղակի մեզ չէին ասում»»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին