Կարևոր իրադարձություններ

10 ամիս փլուզված Էջմիածին-Մարգարա կամուրջը չի նորոգվել. «Ժողովուրդ»

21 Հունվար, 2023 09:22
10 ամիս փլուզված Էջմիածին-Մարգարա կամուրջը չի նորոգվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երկու ամսից կլրանա մեկ տարին, բայց չի նորոգվում դեռեւս նախորդ տարվա մարտին փլուզված կամուրջը։ Խոսքն Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մասին է, որն ավելի քան 10 ամիս է, ինչ անանցանելի է։

Նշենք, որ նախորդ տարվա մարտին մի քանի գյուղեր կապող՝ Սեւ ջուր գետի կամրջի վրա մեծ ճաքեր էին առաջացել, եւ այդ հատվածով երթեւեկությունը մինչեւ հիմա անհնար է, քանի որ կամուրջը փլուզման վտանգի առաջ է. մի հատվածը ճաքած է:

Այն շրջանցելու նպատակով տեղի բնակիչներն անիվներ են տեղադրել կամրջի վրա ու ժապավենով առանձնացրել երթեւեկելի հատվածից: Ե՞րբ են, ի վերջո, սկսվելու կամրջի նորոգման շինաշխատանքները. այս հարցին պատասխան ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արմավիրի մարզպետարան: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը չբարեհաճեց պատասխանել մեր հարցերին: Թե ինչով է զբաղված մարզպետը, հայտնի չէ, բայց այն, որ իր ղեկավարած մարզում տասից ավելի ամիս է, ինչ փլուզված կամրջի վրայով են մարդիկ երթեւեկում, կարծես թե իրեն չի հետաքրքրում: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից մեզ խորհուրդ տվեցին դիմել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ:

Պարզվեց, որ հիմնանորոգման աշխատանքների ձեռք բերման մրցույթը 2022թ. հայտարարվել է, սակայն չի կայացել մրցույթին դիմած միակ մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերում առկա անճշտությունների պատճառով։ Հիմնադրամից հայտնեցին, որ առաջիկայում կհայտարարվի կամրջի հիմնանորոգման նոր մրցույթ. այն կլինի փետրվարին»:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին