«Փաստ» օրաթերթը գրում է.
«Հայկի մասին ինձ պատմել էր տիկին Աննան, ում որդու՝ Սոս Փորքաշյանի մասին ավելի վաղ «Փաստում» նյութ էի պատրաստել:
«Շատ հակասական բնավորություն ուներ, հանգիստ էր, միևնույն ժամանակ ըմբոստ էր, չարաճճի: Իմ երեք որդիներից միջնեկն է: Մեծ տղաս, օրինակ՝ բնավորությամբ շատ հանգիստ է, փոքր տղաս՝ ավելի չարաճճի: Հայկս կարծես երկու եղբայրների խառնուրդն է: Ինքն իր տեսակով առաջնորդ էր, բնավորության այդ գիծն իր մոտ ակնհայտ երևում էր: Սիրում էր ղեկավարել՝ լիներ դա խաղի ժամանակ, թե այլ տեղ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մայրիկը:
Նրա խոսքով, դպրոցական տարիներին առանձնահատուկ սեր կամ հետաքրքրություն կոնկրետ առարկայի նկատմամբ Հայկը չի ունեցել, բոլորը հավասար սովորել է: «Մեր հայրիկն այդ առումով բավականին խիստ է, միշտ ասում է, որ սովորելը շատ կարևոր է, առաջնային, և եթե անգամ որևէ առարկա Հայկի սրտով չլիներ, պետք է սովորեր: Ավելի հասուն տարիքում՝ վերջին դասարաններում, արդեն գիտակցում էր, որ պետք է առավելագույնն անի, ավելի լավ սովորի, որ նորմալ աշխատանք ունենա, կարողանա հոգ տանել իր ու իր ընտանիքի մասին»,-նշում է զրուցակիցս:
Հայկը նաև սպորտով է զբաղվել, այդ թվում՝ ձյուդոյով, մասնակցել մրցումների, մեդալների ու պատվոգրերի արժանացել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Սերվիս» բաժինը. «Ընդունվեց, սակայն ուսանող լինել, դասերի հաճախել չհասցրեց: Հուլիսին զորակոչվեց բանակ: Շատ էր սիրում, հետաքրքրվում հյուրանոցային ոլորտով: Մտածում էր սեփական հյուրանոց, ռեստորան ունենալու մասին: Ասում էր՝ ընկերներիս կհավաքեմ իմ ռեստորանում, լավ ժամանակ կանցկացնենք: Մենք իրեն ավելի շատ ուղղորդում էինք դեպի ծրագրավորում, բայց վերջում ընտրեց իր համար նախընտրելի բաժինը»:
Հիմա արդեն՝ ծառայության ընթացքի մասին: Մայրիկի խոսքով, Հայկը միշտ սիրել է զինվորական համազգեստը:
Հայկը բանակ է զորակոչվել 2020 թ. հուլիսի 31-ին, ծառայում էր Վայքում: Այդ ժամանակ հետևում էին հակահամաճարակային կանոններին, թույլ չէին տալիս ծնողներին այցելել զորամասեր. «Ես իմ տղային անգամ համազգեստով չեմ տեսել, չենք կարողացել երդման արարողությանը մասնակցել»: 44-օրյա պատերազմի ժամանակ երկու շաբաթ Հայկն իր ծառայակից ընկերների հետ եղել է Վայոց ձորի Խաչիկ գյուղի դիրքերում: «Երկու շաբաթ հետո տղաներին տեղափոխել են Ջաբրայիլ: Այնտեղի թեժ մարտերի ժամանակ մի կերպ են փրկվել: Երկու օր 60 կմ քայլել է, ՄՈԲ-ի տղերքին հանդիպել, հասել Սյունիք: Ես այս ամենի մասին չեմ իմացել: Երբ ամեն ինչ վերջացավ, ամուսինս պատմեց, թե ինչ ու ինչպես է եղել: Ամուսինս, որպես հայրենասեր, պարտաճանաչ մարդ, տղայիս տանում է, ռազմականում գրանցում, հետ բերում Վայքի զորամաս, որպեսզի հետագայում Հայկը խնդիրներ չունենա օրենքի հետ, դասալիք չհամարվի: Այդ ժամանակ տղաս հինգ օր մնում է Վայքում, բուժօգնություն ստանում, քանի որ ոտքերն ամբողջությամբ վերքերի մեջ էին: Դրանից հետո մի խումբ տղաների տարել են արդեն Շուռնուխ: Նոյեմբերի 9-ին դեպքը հենց այնտեղի դիրքերում է տեղի ունենում: Առավոտյան խոսեցինք հեռախոսով, ասաց՝ ամեն ինչ լավ է, շուտով հերթափոխ է լինելու: Ոգևորվեցինք, ուրախացանք: Բայց երեկոյան արդեն այլ լուր ստացանք: Երկու պատահական արկ ընկնում է իրենց դիրքի վրա, ինչո՞ւ պատահական, որովհետև ասում են՝ եթե իմանային, որ դիրքի են հարվածում, արկերի քանակն ավելի շատ կլիներ: Այդ երկու արկն, այսպես ասած, իրենց հիմնական ուղղությունից շեղված են եղել: Այդ դիրքում երկու տղա զոհվում է, չեն հասցնում մտնել բունկեր, մեկը իմ տղան է: Հայկը վիրավոր է եղել, իջեցրել են դիրքերից, բայց հիվանդանոցի ճանապարհին երեխաս մահացել է»,-ասում է մայրիկը:
Վատ լուրը Հայկի ընտանիքին շուտ է հասել, զանգահարել են տուն, ասել դեպքի մասին. «Հայկը շուտ է «հասել» տուն: Անգամ լեզուս չի պտտվում ասել, բայց այդ առումով երջանիկ եմ, որ գոնե շուտ ենք իմացել, ըստ եկեղեցական ու մարդկային օրենքների ու կանոնների, ամեն ինչ իր հունով է գնացել: Մինչդեռ ընտանիքներ կան, որոնք մինչև հիմա սպասում են իրենց զինվորներին»:
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: