Կարևոր իրադարձություններ

Հայկը ֆիզիկապես չկա, միշտ մեզ հետ է, ուղղակի չես կարողանում գրկել ու համբուրել. «Փաստ»

21 Հունվար, 2023 09:09
Հայկը ֆիզիկապես չկա, միշտ մեզ հետ է, ուղղակի չես կարողանում գրկել ու համբուրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկի մասին ինձ պատմել էր տիկին Աննան, ում որդու՝ Սոս Փորքաշյանի մասին ավելի վաղ «Փաստում» նյութ էի պատրաստել:

Դեռ այն ժամանակ մեր զրույցի ավարտին Սոսի մայրիկն ասաց՝ Հայկը որդուս ընկերն է, շատ կցանկանայի իր մասին էլ պատմեիք: Եվ ահա, զրուցում ենք Հայկի մայրիկի՝ տիկին Մեդեյայի հետ:

«Շատ հակասական բնավորություն ուներ, հանգիստ էր, միևնույն ժամանակ ըմբոստ էր, չարաճճի: Իմ երեք որդիներից միջնեկն է: Մեծ տղաս, օրինակ՝ բնավորությամբ շատ հանգիստ է, փոքր տղաս՝ ավելի չարաճճի: Հայկս կարծես երկու եղբայրների խառնուրդն է: Ինքն իր տեսակով առաջնորդ էր, բնավորության այդ գիծն իր մոտ ակնհայտ երևում էր: Սիրում էր ղեկավարել՝ լիներ դա խաղի ժամանակ, թե այլ տեղ»,-«Փաստի» հետ զրույցում նշում է մայրիկը:

Նրա խոսքով, դպրոցական տարիներին առանձնահատուկ սեր կամ հետաքրքրություն կոնկրետ առարկայի նկատմամբ Հայկը չի ունեցել, բոլորը հավասար սովորել է: «Մեր հայրիկն այդ առումով բավականին խիստ է, միշտ ասում է, որ սովորելը շատ կարևոր է, առաջնային, և եթե անգամ որևէ առարկա Հայկի սրտով չլիներ, պետք է սովորեր: Ավելի հասուն տարիքում՝ վերջին դասարաններում, արդեն գիտակցում էր, որ պետք է առավելագույնն անի, ավելի լավ սովորի, որ նորմալ աշխատանք ունենա, կարողանա հոգ տանել իր ու իր ընտանիքի մասին»,-նշում է զրուցակիցս:

Հայկը նաև սպորտով է զբաղվել, այդ թվում՝ ձյուդոյով, մասնակցել մրցումների, մեդալների ու պատվոգրերի արժանացել: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Սերվիս» բաժինը. «Ընդունվեց, սակայն ուսանող լինել, դասերի հաճախել չհասցրեց: Հուլիսին զորակոչվեց բանակ: Շատ էր սիրում, հետաքրքրվում հյուրանոցային ոլորտով: Մտածում էր սեփական հյուրանոց, ռեստորան ունենալու մասին: Ասում էր՝ ընկերներիս կհավաքեմ իմ ռեստորանում, լավ ժամանակ կանցկացնենք: Մենք իրեն ավելի շատ ուղղորդում էինք դեպի ծրագրավորում, բայց վերջում ընտրեց իր համար նախընտրելի բաժինը»:

Հիմա արդեն՝ ծառայության ընթացքի մասին: Մայրիկի խոսքով, Հայկը միշտ սիրել է զինվորական համազգեստը:

«Երբ փոքր էր, երևի մինչև 12 տարեկանը, հագուստ գնելիս անպայման մեջն ինչ-որ զինվորական դետալ պետք է լիներ: Բայց եկավ մի տարիք, երբ ինչ-որ բան փոխվեց: Եթե ասեմ, որ մեծ ցանկությամբ ուզում էր մեկնել ծառայության, ոչ: Վերջին երկու ամիսը, երբ արդեն գիտակցում էր, որ զորակոչվելու է, ընդհանրապես չէր ցանկանում: Բայց մինչ դա շատ լավ էր տրամադրված զինծառայությանը: Քրոջս որդիները ծառայում էին, ամեն ինչ լավ էր, ինքն էլ էր ասում՝ կգնամ, երկու տարին ի՞նչ է, կծառայեմ, կգամ: Բայց զորակոչվելուց առաջ վերջին երկու ամսում ինչ-որ բան փոխվեց, ծառայության մասին լսել չէր ուզում, անգամ մի տեսակ ընկճված էր: Երբ արդեն գնում էր, իր հաջող անելն անգամ մի ուրիշ տեսակ էր, նկարագրել չեմ կարող: Հիմա, երբ վերլուծում եմ այդ օրերի իրադարձությունները, հակված եմ մտածել՝ գուցե վատ կանխազգացում ունե՞ր»,-հավելում է զրուցակիցս:

Հայկը բանակ է զորակոչվել 2020 թ. հուլիսի 31-ին, ծառայում էր Վայքում: Այդ ժամանակ հետևում էին հակահամաճարակային կանոններին, թույլ չէին տալիս ծնողներին այցելել զորամասեր. «Ես իմ տղային անգամ համազգեստով չեմ տեսել, չենք կարողացել երդման արարողությանը մասնակցել»: 44-օրյա պատերազմի ժամանակ երկու շաբաթ Հայկն իր ծառայակից ընկերների հետ եղել է Վայոց ձորի Խաչիկ գյուղի դիրքերում: «Երկու շաբաթ հետո տղաներին տեղափոխել են Ջաբրայիլ: Այնտեղի թեժ մարտերի ժամանակ մի կերպ են փրկվել: Երկու օր 60 կմ քայլել է, ՄՈԲ-ի տղերքին հանդիպել, հասել Սյունիք: Ես այս ամենի մասին չեմ իմացել: Երբ ամեն ինչ վերջացավ, ամուսինս պատմեց, թե ինչ ու ինչպես է եղել: Ամուսինս, որպես հայրենասեր, պարտաճանաչ մարդ, տղայիս տանում է, ռազմականում գրանցում, հետ բերում Վայքի զորամաս, որպեսզի հետագայում Հայկը խնդիրներ չունենա օրենքի հետ, դասալիք չհամարվի: Այդ ժամանակ տղաս հինգ օր մնում է Վայքում, բուժօգնություն ստանում, քանի որ ոտքերն ամբողջությամբ վերքերի մեջ էին: Դրանից հետո մի խումբ տղաների տարել են արդեն Շուռնուխ: Նոյեմբերի 9-ին դեպքը հենց այնտեղի դիրքերում է տեղի ունենում: Առավոտյան խոսեցինք հեռախոսով, ասաց՝ ամեն ինչ լավ է, շուտով հերթափոխ է լինելու: Ոգևորվեցինք, ուրախացանք: Բայց երեկոյան արդեն այլ լուր ստացանք: Երկու պատահական արկ ընկնում է իրենց դիրքի վրա, ինչո՞ւ պատահական, որովհետև ասում են՝ եթե իմանային, որ դիրքի են հարվածում, արկերի քանակն ավելի շատ կլիներ: Այդ երկու արկն, այսպես ասած, իրենց հիմնական ուղղությունից շեղված են եղել: Այդ դիրքում երկու տղա զոհվում է, չեն հասցնում մտնել բունկեր, մեկը իմ տղան է: Հայկը վիրավոր է եղել, իջեցրել են դիրքերից, բայց հիվանդանոցի ճանապարհին երեխաս մահացել է»,-ասում է մայրիկը:

Վատ լուրը Հայկի ընտանիքին շուտ է հասել, զանգահարել են տուն, ասել դեպքի մասին. «Հայկը շուտ է «հասել» տուն: Անգամ լեզուս չի պտտվում ասել, բայց այդ առումով երջանիկ եմ, որ գոնե շուտ ենք իմացել, ըստ եկեղեցական ու մարդկային օրենքների ու կանոնների, ամեն ինչ իր հունով է գնացել: Մինչդեռ ընտանիքներ կան, որոնք մինչև հիմա սպասում են իրենց զինվորներին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին