Կարևոր իրադարձություններ

Աշխարհաքաղաքական դասավորության տեղաշարժերն ու մեր պահվածքը. «Փաստ»

21 Հունվար, 2023 08:02
Աշխարհաքաղաքական դասավորության տեղաշարժերն ու մեր պահվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նախորդ օրը զինվորների կեցավայրում բռնկված հրդեհը ծանր հարված էր առանց այն էլ բարդ հոգեբանական վիճակում գտնվող հանրության համար։ Եվ այդ ողբերգությունն ու դրա մանրամասների շուրջ քննարկումները, բնականաբար, երկրորդ պլան մղեցին այլ, այդ թվում՝ նախորդ օրը տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձություններ ու հայտարարություններ։

Ի մասնավորի, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց իր ասուլիսի ընթացքում։ Նախ՝ նա, կարելի է ասել, պաշտոնապես ընդունեց, որ Լաչինի ճանապարհը փակել է պաշտոնական Բաքուն, իսկ բնապահպանները պարզապես շղարշ են, ինչն, իհարկե, պարզ էր ի սկզբանե։ Միաժամանակ ՌԴ արտգործնախարարից տեղեկացանք, որ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում է տեղի ունեցել, այնինչ այդ մասին որևէ պաշտոնական տեղեկություն չէր տրամադրվել հանրությանը, և մինչ այդ միայն մամուլում էին շշուկներ պտտվում նմանատիպ հանդիպման և ադրբեջանական կողմից ներկայացված պահանջների մասին։ Նաև ուշագրավ է, որ Լավրովը հույս հայտնեց, թե առաջիկայում հարցը կկարգավորվի։

Սա ակնարկ էր, որ ռուսական կողմի միջնորդական ջանքերի արդյունքում որոշակի համաձայնություններ են նախանշվում։ Լավրովի ելույթից նաև պարզ դարձավ, որ հայկական կողմը առաջ է քաշել Ադրբեջանի հետ սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը՝ կայունություն ապահովելու նպատակով, սակայն դրա պարամետրերին վերաբերող փաստաթուղթը չի ընդունվել։

Ոչ հանիրավի կարծիքներ կան, որ Ռուսաստանը շատ մեղմ է արտահայտվում՝ խուսափելով դատապարտել Ադրբեջանի անընդունելի գործողությունները։ Անշուշտ, այդպես է: Սակայն նաև հասկանալի է, որ, ամբողջովին ներգրավված լինելով Ուկրաինայում ընթացող պատերազմի մեջ, Ռուսաստանը ցանկանում է ամեն կերպ խուսափել հարավային Կովկասում նոր լարվածության օջախի ստեղծումից և ռազմական էսկալացիայից։ 

Լավրովը հայտարարեց, որ չնայած նրան, որ Հայաստանն իրենց դաշնակիցն է, ու ՀԱՊԿ առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը Արևմուտք է շտապում և նախընտրում է պայմանավորվել Եվրամիության հետ, որպեսզի Հայաստանի սահմանին երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Լավրովի ասուլիսից ընդամենը ժամեր անց թեմայի հետ կապված հայտարարություններ շտապեցին անել հավաքական Արևմուտքի մի շարք ներկայացուցիչներ, ընդ որում՝ զարմանալիորեն շատ ավելի կոշտ, քան նախկինում էր: Այս ամենը նորից հաստատում է աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների յուրատեսակ մրցակցությունը նաև մեր տարածաշրջանում»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին