Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    393
    402

  • EUR

    422
    438

  • RUB

    5,49
    5,89

Կարևոր իրադարձություններ

Մեր պատմություններն ու մշակույթները փոխկապակցված են. Երևանի քաղաքապետը՝ Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահին (լուսանկարներ)

20 Հունվար, 2023 17:43
Մեր պատմություններն ու մշակույթները փոխկապակցված են. Երևանի քաղաքապետը՝ Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահին (լուսանկարներ)

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահի հետ:

Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Մոստաֆա Չամռանն առանձնակի կարևորել է Երևանի և Թեհրանի միջև հաստատվող գործակցությունն ու նկատել, որ երկուստեք հարաբերությունները գործնական փուլ տեղափոխելու համար առկա է մեծ հնարավորություն:

«Մեր պատմություններն ու մշակույթները փոխկապակցված են, դրա համար է նաև, որ իրանահայերը դարձել են Իրանի մի մասնիկն ու իրենց լուման են ունենում պետության զարգացման գործում: Այսօր մենք էլ մեր հերթին ստեղծում ենք մի պատմություն, որը ևս փոխանցվելու է սերունդներին»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Հաշվի առնելով, որ խոշոր քաղաքների խնդիրները միանման են, կողմերն առանձնակի կարևորել են փորձի փոխանակումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Հանդիպմանը ներկա Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը, «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իրենց հերթին նշել են, որ ավագանին պետք է օգնի մայրաքաղաքների գործակցության և փաստաթղթերում հաստատված դրույթները կյանքի կոչելու համար:

«Մեզ համար ողջունելի է ունենալ կառուցողական գործակցություն, և մենք էլ մեր հերթին պետք է ջանքեր գործադրենք, որ նախանշվող ծրագրերն իրականություն դառնան: Թեհրանն իսկապես ունի ներուժ՝ փոխանցելու գիտելիք ու փորձ Երևանին, մենք ևս պատրաստ ենք օգտվել ձեր փորձառությունից»,- նշել է Թեհրանի քաղաքային խորհրդի նախագահը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ Երևանը մեծապես կարևորում է գործակցության խորացումը ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանի հետ և համոզմունք հայտնել, որ երկու մայրաքաղաքների օրենսդիր մարմինների միջև ևս հեռանկարներ կբացվեն՝ նաև այդ մակարդակում համատեղ ծրագրեր իրականացնելու համար:
 

Լրահոս

Դիտել ավելին