Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են սոցիալապես անապահով խմբերի բժշկական օգնության նկատմամբ հաշվեքննության արդյունքները

20 Հունվար, 2023 14:48
Քննարկվել են սոցիալապես անապահով խմբերի բժշկական օգնության նկատմամբ հաշվեքննության արդյունքները

Հաշվեքննիչ պալատին հնարավորություն չի ընձեռվել նախատեսված ծավալով իրականացնել «Սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության» ծրագրի նպատակային, ծախսային արդյունավետության և տնտեսման սկզբունքի պահպանման ամբողջական գնահատումը, իսկ ձեռք բերված առանձին ապացույցները բավարար հիմք չեն ձևավորել եզրակացնելու, որ միջոցառման ծախսերն իրականացվել են նպատակային,  ծախսային արդյունավետության և տնտեսման սկզբունքների պահպանմամբ:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը հունվարի 20-ի ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ ներկայացնելով Առողջապահության նախարարությունում սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը:

Խաչիկ Փափազյանը նշել է, որ հիմնական արձանագրումը վերաբերում է սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության ծառայությունները հաշվեքննելու ընթացքում հաշվեքննությանն անհրաժեշտ տեղեկատվության սահմանափակմանը, ինչի արդյունքում Հաշվեքննիչ պալատն ունեցել է լուրջ խնդիր` կապված տեղեկատվության տրամադրման հետ: Սահմանափակելով տեղեկատվության շրջանակը` հանգել են կատարողականի հաշվեքննության համար սահմանված հարցերի գնահատման անհնարինությանը: Մասնավորապես, ըստ նրա, նախարարության կողմից չի տրամադրվել ծրագրի շրջանակում ծառայություններից օգտված և էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում արձանագրված դեպքերի շահառուների նույնականացման, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի արդյունքում հնարավոր չի եղել համադրել շահառուների և վերջիններիս մատուցած ծառայությունների ֆինանսավորման հիմքում ընկած ցուցանիշները և դրանց հավաստիությունը:

Թեև առողջապահության նախարարի հրամանով սահմանվել ու կիրառվել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության ու սպասարկման ծառայությունների գներ, սակայն դրանց ձևավորման, հաշվարկման ու գոյացման սահմանված որևէ մեթոդաբանության վերաբերյալ տեղեկատվություն Հաշվեքննիչ պալատին չի տրամադրվել, ինչի արդյունքում հնարավոր չի եղել գնահատել ծախսային արդյունավետությունը:

Դեպքերի անհատական վարման ընթացակարգում ներգրավված 300-ից ավելի նեղ մասնագիտացված հիվանդությունների գերակշիռ մասի համար բացակայել են լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցները, ինչպես նաև աշխատակազմում նեղ մասնագիտական որակավորում ունեցող համապատասխան քանակի մասնագետներ չեն եղել: Արդյունքում, կլինիկական ուղեցույցների գերակշիռ մասի և նեղ մասնագիտական որակավորում ունեցող համապատասխան բժիշկների բացակայության պարագայում նախարարության կողմից իրականացվել են դեպքերի անհատական վարման, գնահատման և հաշվետվությունների ընդունման ու դրանց դիմաց վճարման աշխատանքներ:

Հաշվեքննությունը ներառող ժամանակահատվածում նախարարությունում ներքին աուդիտի գործառույթը չի իրականացվել: Արդյունքում, հաշվեքննությունը ներառող ժամանակաշրջանում նախարարությունում լիարժեք չի գործել ներքին հսկողական համակարգը:

Պատգամավորների կարծիքով պետք է հասկանալ նախարարության կողմից տեղեկատվությունը չտրամադրելու կամ լիարժեք չտրամադրելու պատճառները:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, պատասխանելով հարցին, նշել է, որ նախարարության կողմից տեղեկատվություն չտրամադրելու մի մասը ենթադրում է բժշկական գաղտնիք և օրենքով հստակ սահմանված է, թե ովքեր ունեն դրանց հասանելիություն, և եթե նախարարությունը տրամադրեր այդ ինֆորմացիան, ապա կխախտեր օրենքը: Այսինքն` ըստ Նարեկ Զեյնալյանի, առկա է օրենսդրական խնդիր, պետք է որոշում կայացվի` այդ տեղեկատվությունը Հաշվեքննիչ պալատին պետք է տրամադրե՞լ, թե՞ ոչ:

Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, ներկայացնելով արտաքին պետական հաշվեքննության գործառույթի հիմքերը, անդրադարձել է նրան, թե ինչ առաջադրանք է դրված կառույցի առջև և ինչ է ակնկալվում: «Ըստ էության այն առաջադրանքը, որը դրված է Հաշվեքննիչ պալատի առջև, հաշվեքննությունների միջոցով ՀՀ-ում հանրային սեփականության և հանրային ֆինանսների կառավարման բարելավվմանը նպաստելն է»,-նշել է նա: Ատոմ Ջանջուղազյանի խոսքով ՀՊ-ի անդամին այդ տեղեկատվությունը նույնպես պետք է հասանելի լինի, այլապես իրավիճակը կկրկնվի շարունակաբար, ուստի շրջանառության մեջ դրված առաջարկությունների փաթեթով նախատեսվում է լուծել հենց այդ խնդիրը:

Հարակից զեկուցող Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, շնորհակալություն հայտնելով ծավալուն և մանրակրկիտ հաշվեքննության համար, նշել է, որ բարձրաձայնված որոշ խնդիրներ արդեն ներառվել են օրակարգային հարցերում: Փոխնախարարը, անդրադառնալով տեղեկատվություն չտրամադրելուն, փաստել է, որ օրենսդրական կարգավորումները թույլ չեն տալիս, որպեսզի Հաշվեքննիչ պալատին տրամադրվեն անձնավորված տվյալներ: «Տվյալները բժշկական գաղտնիք են պարունակում և կարող են փոխանցվել միայն պացիենտի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ»,- նշել է նա:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը բարձրաձայնել է Հաշվեքննիչ պալատի արձանագրած այն հարցը, ըստ որի` 300-ից ավելի նեղ մասնագիտացված հիվանդությունների գերակշիռ մասի համար բացակայել են լիազոր մարմնի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցները: Փոխնախարար Արմեն Նազարյանը նշել է, որ յուրաքանչյուր տարի մեծ տեմպերով տասնյակ ուղեցույցներ են մշակվում, սակայն դրանց ծավալը չի բավարարում այն ակնկալիքներն ու այն շեմը, որն իրենք պետք է հաղթահարեն: Նա վստահեցրել է, որ ինչպես այս տարի, այնպես էլ մոտակա տարիներին, առավել շատ հանդիպող հիվանդությունների հիմնական մասի վերաբերյալ լինելու են ուղեցույցներ:

Քննարկվել է ԱՆ-ում սոցիալապես անապահով եւ առանձին խմբերի անձանց բժշկական օգնության նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին