Կարևոր իրադարձություններ

Սեյրան Օհանյանը ծանուցված է. ինչպես և որ դեպքում կընդունվի քրեական հետապնդման որոշումը

20 Հունվար, 2023 14:23
Սեյրան Օհանյանը ծանուցված է. ինչպես և որ դեպքում կընդունվի քրեական հետապնդման որոշումը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:

Ըստ նույն կետի պահանջի՝ միջնորդագրին կցվել է նաև պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը:

«Միջնորդությունը ստացել ենք, այդ մասին պատգամավորը տեղեկացված է: Նրան ուղարկել ենք միջնորդությունը: Միջնորդությունը կքննարկվի առաջիկա հերթական նիստի ընթացքում»,-այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե ընդդիմադիր պատգամավոր, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Ազգային ժողովում` լրագրողների հետ ճեպազրույցում, հայտնել է, որ ոչ ԱԺ-ից, և ոչ էլ դատախազությունից ոչինչ չի ստացել և այդ մասին լրագրողներից է իմացել, խոսնակն ասաց` գուցե այդ ժամանակ էլեկտրոնային հասցեն դեռ ստուգած չի եղել:

«Ըստ ընթացակարգի` ստանալուց անմիջապես հետո մենք տեղեկացնում ենք: Եթե պատգամավորին գտնել չի հաջողվում, ԱԺ նախագահը համապատասխան հայտարարությամբ է հանդես գալիս, օրինակ, եթե պատգամավորը երկրում չէ, կամ այլ տարբերակով չի հաջողվում նրան գտնել: Բայց դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ ինքն այստեղ է, և ուղարկվել է: Ինքը համարվում է ծանուցված, քանի որ այստեղ է»,-հավելեց Խաչատրյանը:

Ըստ Օհանյանի` ինքը շատ հանգիստ է ընդունում, երբ ստանա փաստաթղթերը, իմանա բովանդակությունը, հավելյալ տեղեկություններ կհայտնի:

Պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու որոշումը կկայանա պարզ մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ և կընդունվի 54 ձայնի առկայությամբ:

«Ձայների սահմանված քանակը չապահովելու դեպքում հարցը դուրս  է գալիս օրակարգից: Հետո նորից կարող է մտնել օրակարգ: Էնպես չի, որ դա մեկանգամյա գործընթաց է»,-եզրափակեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակը:

 

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին