Կարևոր իրադարձություններ

Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ

20 Հունվար, 2023 13:21
Սևանա լճից դուրս է բերվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ

Հունվարի 19-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճից դուրս են բերվել և առգրավվել 95 ապօրինի խեցգետնաորսիչ և 41 ձկնորսական ցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 88-րդ հոդվածի՝ Կենդանական, այդ թվում՝ ձկան պաշարների պահպանության, որսի և ձկնորսության, ինչպես նաև կենդանական աշխարհից օգտվելու մյուս տեսակների որսի իրականացման կանոնները խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու գործիք համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ:

Որսի կանոնները կոպիտ խախտելը (որսը առանց դրա թույլտվության կամ արգելված վայրերում, կամ արգելված ժամանակ, կամ արգելված գործիքներով կամ եղանակներով), ինչպես նաև որսի մյուս կանոնները պարբերաբար խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների, ինչպես նաև հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ մինչև 3 տարի ժամանակով:

Տեղեկացնենք նաև, որ վերահսկողության միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին