Կարևոր իրադարձություններ

Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը հորդորում է առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

20 Հունվար, 2023 13:15
Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը հորդորում է առավելագույն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա

Ս.թ. հունվարի 18-ին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարները, ներառյալ կոնգրեսականներ՝ Ֆրենկ Փալոն կրտսերին (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ադամ Շիֆին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գաս Բիլիրաքիսին (Հանրապետական, Ֆլորիդա) և Դեյվիդ Վալադաոյին (Հանրապետական, Կալիֆորնիա), Աննա Էշուի (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) հետ միասին մի նամակ ուղարկեցին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերին՝ հորդորելով ԱՄՆ կառավարությանը «առավելագույն ճնշում գործադրել» Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա՝ դադարեցնելու Արցախի 120,000 հայ ժողովրդի դեմ իր մեկամսյա շրջափակումը, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Նամակում ընդգծվում է, որ «Լաչինի միջանցքը վերաբացելու ներկայիս միջազգային ռազմավարությունը պարզապես չի գործում։ Չնայած շրջափակման հստակ փաստագրված ապացույցներին և այն ողբերգական ազդեցությանը, որը նա թողնում է անմեղ քաղաքացիական անձանց վրա, նախագահ Ալիևը շարունակում է ստել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը` հայտարարելով, որ շրջափակում չկա»:

«Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից տեղահանելու և իրենց նախնիների երկրում ազատ, ժողովրդավար և արժանապատիվ կերպով ապրելու հնարավորությունից զրկելու համար՝ էթնիկ զտման հստակ նշան, որը չի կարելի անտեսել»,– շարունակվում է նամակում։

Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը վտանգավոր իրավիճակն անվանել է «մարդածին հումանիտար ճգնաժամ», որը հանգեցրել է Արցախում դեղորայքի, բուժօգնության և սննդի սուր պակասի, ինչպես նաև դպրոցների փակման։ Բացի այդ, Ալիևի ռեժիմը դադարեցրել է բնական գազի մատակարարումը և խոչընդոտել է էլեկտրահաղորդման գծերի վերանորոգմանը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատուներին ձմռան դաժան ցուրտ ամիսներին, ինչը «ակնհայտորեն կանխամտածված փորձ է՝ լրջորեն վատթարացնել Արցախում ապրող մարդկանց կյանքի որակը, ներառյալ՝ 30.000 երեխաների, 20.000 տարեցների և 9.000 հաշմանդամություն ունեցող անձանց»:

Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը հստակեցրել է, որ «առանց Միացյալ Նահանգների կողմից անհապաղ գործողությունների... պայմաններն Արցախում էլ ավելի կվատթարանան», ինչը «Ալիևի կանխամտածված և պլանավորված ծրագիրն է»:

Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը հորդորեց միջազգային հանրությանը «անհապաղ միջամտել և կանխել այս պոտենցիալ հումանիտար աղետը»՝ վերաբացելով Լաչինի միջանցքը, որը ծառայում է որպես «կարևոր կյանքի ճանապարհ» և միջազգային դիտորդներ ուղարկել Լաչինի միջանցք և Արցախ՝ «Արցախի ժողովրդի համար անվտանգության և խաղաղ զարգացման առավել արդյունավետ ու կայուն երաշխիքների հնարավորություններ ուսումնասիրելու նպատակով»։ Բացի այդ, ԱՄՆ-ը պետք է նաև դիտարկի «Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու բոլոր հասանելի տարբերակները, ներառյալ՝ մատակարարումների հնարավոր օդային փոխադրումը` սովի շատ իրական սպառնալիքը կանխելու համար»:

«Համագումարը ողջունում է Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությանը Արցախի հայ ժողովրդի համար այս վճռորոշ ժամանակաշրջանում իրենց ջանքերի համար»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։ «Մինչ իրավիճակը Արցախում օրեցօր վատթարանում է, անհրաժեշտ է հրատապ գործողություններ ձեռնարկել Լաչինի միջանցքի վերաբացման և հայ ժողովրդին իր պապենական հայրենիքից արմատախիլ անելու Ալիևի ռազմավարությունը կանխելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին