Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների խնդիրներն ու առաջիկա ծրագրերը

19 Հունվար, 2023 19:37
Քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների խնդիրներն ու առաջիկա ծրագրերը

Հունվարի 18-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում մարզային հեռուստաընկերությունների ղեկավարների հետ։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, ՀՌՀ անդամ Գոհար Մամիկոնյանը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Տիգրան Հակոբյանը կարևորել է նմանաբովանդակ քննարկումների անհրաժեշտությունը, որոնք կօգնեն վեր հանել մարզային հեռուստաընկերությունների խնդիրները և մշակել լուծման մեխանիզմներ, խորացնել մարզային հեռուստաընկերությունների միջև փոխգործակցությունը։ Իր խոսքում Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է նաև ոլորտային խնդիրներին, օրենսդրական փոփոխություններին։

Հանդիպմանը քննարկվել են մարզային հեռուստաընկերությունների խնդիրները, մարզային իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների հետ փոխհարաբերությունները, հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաև այն բոլոր ծրագրերը, որոնք ՀՌՀ-ի հետ համագործակցելով հնարավոր է կյանքի կոչել և բարենպաստ պայմաններ ստեղծել մարզային հեռուստաընկերությունների անխափան գործունեության համար։

Քննարկմանը «Արմա ԹԻ-ՎԻ» հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Թումանյանը ներկայացրել է «Առավել» աշխատանքային խորագրով ամենամյա հեռուստատեսային գյուղատնտեսական մրցույթ-փառատոնի վերաբերյալ առաջարկը, որի պատասխանատուն և կազմակերպիչը, համաձայն նախագծի, լինելու են մարզային հեռուստաընկերությունները։ Բանախոսը ընդգծել է, որ փառատոնը կնպաստի մարզերի զարգացմանը, ինչպես նաև համատեղ աշխատելու խթան կհանդիսանա մարզային հեռուստաընկերությունների համար։

Կարևորելով փառատոնի անցկացման գաղափարը՝ մասնակիցները մտքեր են փոխանակել կազմակերպչական հարցերի շուրջ, հանդես եկել առաջարկներով: 

 

Լրահոս

Դիտել ավելին